Բարձրացվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների հավելումները․ նոր նախագիծ

Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը նպատակ ունի հատուկ նշանակության ստորաբաժանումներում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման ընթացակարգերը պարզեցնել և համապատասխանեցնել 2020-2023 թվականների մարտական գործողություններից հետո ձևավորված մարտական դիրքերի պայմաններին։։

Նախագծով նախատեսվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվելու է 2026 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
Պետական սահմանից (շփման գծից) առաջ մարտական խնդրի (մարտական խնդրի կատարումն ապահովող միջոցառումների) իրականացում (1.2-րդ ծածկագիր)

Որտեղ կիրականացվի ծառայությունը (երկրորդ սյունակ)

Նոր խմբագրությամբ նշվում է․

«Հատուկ խնդիրներ կատարող (հատուկ նշանակության, հատուկ գործողությունների, հետախուզական, ռազմական ոստիկանության հատուկ գումարտակ) զորամասերում (ստորաբաժանումներում, պաշտոններում) ծառայություն իրականացնելու համար»
Հավելումների չափ (երրորդ սյունակ)
Հատուկ նշանակության ստորաբաժանումների համար՝ 250 000 դրամ
Հատուկ գործողությունների ստորաբաժանումների համար՝ 150 000 դրամ
Հետախուզական ստորաբաժանումների և ռազմական ոստիկանության հատուկ գումարտակի համար՝ 100 000 դրամ
Հավելումների հաշվարկման պայմաններ (չորրորդ սյունակ)
Հատուկ խնդիրներ իրականացնող զորամասերի ցանկը հաստատվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով: Հավելումը տրամադրվում է նաև այն ծառայողներին, որոնք զբաղեցնում են մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթ ունեցող պաշտոններ և ատեստավորման արդյունքում ստացել են համապատասխան գնահատական:

Սպայական, ենթասպայական և շարքային կազմ (2.1-ին ծածկագիր)

Հավելումների չափ (երրորդ սյունակ)
Սպայական կազմի պայմանագրային զինծառայողներին՝ 200 000 դրամ
Ունկերասպայական և շարքային կազմի պայմանագրային զինծառայողներին՝ 170 000 դրամ
2020-2023 թվականների ռազմական գործողություններից հետո ձևավորված նոր մարտական դիրքերում մարտական հերթապահության համար՝ հավելավճար +60 000 դրամ
Հավելումների հաշվարկման պայման (չորրորդ սյունակ)
2020-2023 թվականների ընթացքում ձևավորված նոր մարտական դիրքերում հերթապահության համար նախատեսված հավելումը կիրառելու իրավունք տվող մարտական դիրքերի ցանկը հաստատվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումների համար սահմանված երկու հավելումների միավորմամբ և 2020թ. մարտական գործողություններից հետո ձևավորված նոր շփման գծում մարտական հերթապահության ընդգրկվող զինծառայողների հավելումների հաշվարկման գործակիցները պարզեցնելու և կարգավորման գործընթացը հեշտացնելու անհրաժեշտությամբ։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումները օգտվում են ՀՀ կառավարության 2014 և 2019 թվականների որոշումների հավելվածների տարբեր չափերի և հաշվարկման պայմաններով նախատեսված հավելումներից: Նախագիծը միտված է ծառայողների սոցիալական երաշխիքների ընդլայնմանը և դրամական ապահովության բարձրացմանը՝ որպես ծառայողական պարտականությունների կատարման խթան։

Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի նպատակն է բարձրացնել ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության, հատուկ գործողությունների և հետախուզական ստորաբաժանումներում ծառայության գրավչությունը՝ ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումները համապատասխանեցնելով ծառայողական խնդրի կարևորությանը և ծանրաբեռնվածությանը:

Ու՞մ կողմից է մշակվել նախագիծը

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից։

Ֆինանսական ազդեցությունը

Նախագծի ընդունման արդյունքում կանխատեսվում է տարեկան լրացուցիչ 5,3 մլրդ դրամ ծախս, որը կիրականացվի 2026թ. պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի պահանջների արդյունավետ ապահովման հետ՝ ընդգծելով անձնակազմի համալրման, պրոֆեսիոնալ բանակի անցման և ծառայության գրավչության բարձրացման խնդիրների լուծումը։

Ակնկալվող ազդեցությունը

Զինծառայողների սոցիալական արտոնությունների և հավելումների տրամադրման գործընթացի պարզեցում
Ծառայության գրավչության բարձրացում հատուկ նշանակության ստորաբաժանումներում
Մարտական դիրքերում ծառայության հաշվառման և հավելումների հաշվարկման արդյունավետության բարելավում

Նախագծի կարգավորումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ տեղեկացնում է Iravaban.net-ը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ