![]()
«Եթե ունենայի հնարավորություն նորից գծել իմ կյանքի ճանապարհը, կրկին կընտրեի համակարգը՝ անկախ մարտահրավերներից, բարդություններից ու դժվարություններից: Ես պատվով եմ ծառայում ու կրում իմ ուսադիրները, ու իմ որոշման մեջ ոչ մի անգամ չեմ մտափոխվել»,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասում է ՆԳՆ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի երկրորդ գումարտակի առաջին վաշտի պարեկ, ոստիկանության ավագ լեյտենանտ Մարիամ Կարապետյանը:
Մարտի 8-ն է՝ Կանանց միջազգային օրը, ինչ են սպասում կանայք՝ ծաղիկներ, նվերներ ու գեղեցիկ խոսքե՞ր… ոչ միայն, կանայք ինչպես օրինակ Մարիամ Կարապետյանը, սպասում են ու ցանկանում են, որ բոլորն օրերն անցնեն առանց պատահարների, առանց իրավախախտումների ու արտակարգ իրավիճակների:

2021 թվականից՝ ուժային կառույցում
Մարիամ Կարապետյանին հիշողությունները տանում են 2021 թվական, հիշում է ծնողների արձագանքը, երբ հայտնեց՝ ուզում է լինել ուժային համակարգում.«Եթե ասեմ, որ ընտանիքս շատ մեղմ արձագանքեց որոշմանս, սխալ կլինի: Ամեն դեպքում, ծնողներս մտածում էին՝ աղջիկ եմ, դժվար կլինի, այն էլ նման պատասխանատու համակարգում, տղաների շրջապատում: Բայց իմ կամքի ուժն օգնեց, կարողացա հաղթահարելով բոլոր փուլերը, անցնել ծառայության»:
Արդեն ծառայությունը ցույց տվեց, որ ծնողների անհանգստությունները պատահական չէին, բայց ոլորտում հաջողելու ձգտումն ավելի համառ էր.«Մենք նաև գիշերվա հերթափոխում ենք ծառայություն իրականացնում, երբ հոգնած, երբեմն ինչ-որ բանից նեղված, տրամադրության անկումով գալիս էի տուն, մայրիկս ասում էր՝ տեսնում ես որ ասում էի հեշտ չի լինելու: Բայց ամեն դեպքում կողքիս էին, ու դա էլ էր ուժ տալիս հաղթահարել եմ դժվարությունները»:
Մարիամ Կարապետյանին, ցավոք, ծնողներն այլևս գիշերը չեն սպասում, կրկին հոգատարորեն հիշեցնելու, թե ինչ բարդ ուղի ընտրեց.«2023-ից ծնողներս ողջ չեն, բայց իրենց անվերապահ աջակցությունը հիշելով, ավելի նախանձախնդիր եմ՝ հասնել այն նպատակներին, որոնց իրենք կուզեին, որ հասնեի: Ես շարունակում եմ բարձրանալ կարիերայի աստիճաններով, ավելացնելով ուսադիրներիս աստղերը, նաև այն մտքով, որ իրենք ինձնով հպարտանալու առիթներ ունենան»:
Ուսադիրների ծանրությունը…
Ծառայության մեջ գտնվելու հինգ տարիների ընթացքում Մարիամ Կարապետյանը կարողացել է հասնել ավագ լեյտենանտի կոչմանը՝ հավասարը հավասարի հետ ծառայելով տղամարդկանց հետ.«Եթե նպատակներ կան համակարգում հաջողելու, ապա յուրաքանչյուրն էլ ձգտում է ունենալ ուսադիրներ՝ ժամանակի ընթացքում կոչման բարձրացմամբ, եթե անգամ փոխհատուցելու ես նյարդերով, հոգնածությամբ, անքնությամբ և պատասխանատվության շատ մեծ չափաբաժնով»:
«Ուսադիրների ծանրությունը, միանշանակ, կրել եմ ու կրում եմ: Շատ բարդ շրջան եմ անցել, քաղաքացիական կյանքից անցումը ոստիկանության ուժային կառույց հեշտ չի տրվել: Ի տարբերություն այս փուլի, մի քանի տարի առաջ կանայք պարեկային ծառայությունում բավականին փոքր թիվ էին կազմում, կարծրատիպային մոտեցումներ դեռ կային: Հայտնվել էի տղամարդկանց շրջապատում, օրվա մեծ մասը՝ 12 ժամ, անցկացնում էի տղամարդկանց հետ, ու հենց այդ ժամանակ հասկացա՝ պետք է կարողանաս այնպիսի որակներով աչքի ընկնել, որ կողքիդ տղամարդու համար հենարան լինես»,- ասում է նա:
Կինը համակարգում այլևս անսովոր չէ
«Ուժային համակարգում կանանց ներգրավվածության վերաբերյալ կարծրատիպերը վերջին տարիներին թուլացել են: Երբ նոր էի ծառայության անցել, օրինակ մարզային այցերի ընթացքում կանանց հետ շփվելիս զգացվում էր, որ վախ կար համակարգում ներգրավվելու, հարցեր էին հնչում՝ ոնց կլինի տղաների հետ ծառայեմ, բարդ է, ոնց կարձագանքի շրջապատը: Բայց կարծում եմ մոտեցումը շատ փոխվել է ու դեպի դրականը»,- նկատում է մեր զրուցակիցը:
Ըստ Մարիամ Կարապետյանի, սա պայմանավորված է նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի օրինակով.«Այդ դերում իր ձիգ կերպարը մասնավորապես կանանց շրջանում համակարգի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության է բերել: Աղջիկներն ասում են՝ համակարգն ավելի հետաքրքիր է դարձել, գրավիչ: Դիմելիությունն էլ ավելացել է, տարբեր առիթներով աղջիկները մոտենում ու հարցնում են՝ ոնց դիմեն, ինչ դժվարություններով ենք անցնում»:
Նրա կարծիքով՝ կնոջ դերը, կանացի ներկայությունը կոնկրետ պարեկային ծառայությունում շատ բան է փոխել.«Երբ մոտենում ես տղամարդ վարորդին, քաղաքացուն, իրենք բավական հետաքրքիր են արձագանքում, ավելի շատ զսպվածություն են ցուցաբերում, եթե տղամարդու հետ կարող են մի փոքր ավելի կոպիտ լինել, փորձեն խոսակցությունը տանել անձնական դաշտ, կնոջ դեպքում առավել մեղմ են: Արձանագրություն կազմելիս, վարչարարություն իրականացնելիս քաղաքացու մոտ կա լարվածություն, երբեմն նպատակադրված մեքենայից իջնում են կոնֆլիկտային իրավիճակ ստեղծելու, բայց երբ կին է մոտեցող պարեկային ծառայողը, ամեն ինչ ավելի հանդարտ է ընթանում»:

Համազգեստով, թե առանց՝ կոչումին հավատարիմ
Ավագ լեյտենանտ Մարիամ Կարապետյանը նշում է, որ քաղաքացիական կյանքում էլ իր վրա զգում է համազգեստի պատասխանատվությունը, երբ օգնություն է պետք տեղում է, իր կարիք ունեցողին միշտ պատրաստ ուղղորդելու.«Ոլորտում հայտնվելուց հետո անձնական կյանքում էլ շատ բան է փոխվում: Պատասխանատվության հատվածը միշտ միացված է, դա էլ մեր մասնագիտության առանձնահատկությունն է»:
Մաղթանքը՝ կանանց
«Ուժային ոլորտում կին լինելը և՛ մարտահրավեր է, և՛ առավելություն, ամեն օրվա ծառայությունը փորձում ես իրականացնել այնպես, որ թերությունները հնարավորինս քիչ լինեն, քեզ թիրախավորելու տեղեր չլինեն: Ուստի ոլորտի կանանց մաղթում են, որ ամեն ծառայությունից անփորձանք հետ վերադառնան տուն, իսկ բոլոր կանանց ուզում եմ հիշեցնել՝ թեև մեզ համարում են թույլ սեռ, բայց դա վստահաբար այդքան էլ այդպես չէ, մեր մեջ թաքնված մեծ ներուժ կա»,- ընդգծում է Մարիամ Կարապետյանը:
![]()