Վա՞տ է, որ տարածաշրջանում հրթիռները թափառում են՝ բացի Հայաստանից, դա ինչի՞ արդյունքն է՝ խաղաղության․ տեսանյութ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ թեպետ ամբողջ տարածաշրջանում հրթիռակոծություններ են, սակայն Հայաստանում այս պահին վտանգ չկա: Քոչարյանը վստահեցնում է, որ մեր պետական կառույցները աշխատում են:

Պատգամավորը նաև հավաստիացնում է՝ հայ-իրանական հարաբերությունները մշտապես գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա:

«Վա՞տ է, որ ամեն տեղ տարածաշրջանում հրթիռները թափառում են՝ բացի Հայաստանից, դա ինչի՞ արդյունքն է՝ խաղաղության»,- ասում է նա:

Անդրադառնալով ընդդիմությանը՝ իշխող ուժի անդամը նկատում է. «Ռոբերտ Քոչարյանը բոլոր դժվարին պահերին փորձում է հարցերը էլ ավելի սրված ներկայացնել: Նա ավելի լավ է պատասխանի հարցին, թե երկաթգիծը ինչու քանդեց: Քոչարյանը փորձում է իր ունեցվածքը փրկել: Դաշնակցությունը վերջապես ե՞րբ է հստակեցնելու իր և Քոչարյանի հարաբերությունները. Քոչարյանը դաշնա՞կ է, թե՞ չէ»:

Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, Անդրանիկ Քոչարյանն ասում է. «Նա հասարակությանը հայտնի է որպես խոշոր օլիգարխ, քաղաքական հետագիծ չունի և չի կարող լինել պատգամավոր»:

Քոչարյանը միաժամանակ շեշտում է՝ «Քաղաքացիական պայմանագրի» ոչ մի պատգամավոր չի դավաճանի և միանա իմպիչմենտի գործընթացին:

Ըստ իշխող ուժի անդամի՝ ընտրություններին մեր ժողովուրդը պետք է որոշի՝ իշխանության տերն ի՞նքն է, թե՞ խարդավանքների միջոցով իշխանությունը կփոխանցվի 3-րդ կողմին:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ