Փաստաբան Հակոբյանի և ևս 2 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ ձայնագրություն է հրապարակվել

Ինչպես հայտնել էինք, Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբան Ռուբեն Հակոբյանին:

Կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որում ասվում է․

«Հաշվի առնելով դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացումը խոչընդոտելու և դատավարության մասնակիցներին՝ իրենց լիազորությունների հետ կապված կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով մեծ հնչեղությունն ու լրատվամիջոցների կողմից վարույթն իրականացնող մարմնին հասցեագրված բազմաթիվ հարցումները՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ նշված քրեական վարույթով բավարար ապացույցների համակցություն է ձեռք բերվել առ այն, որ ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանը սպանության դեպքի առթիվ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններից մեկում քննվող քրեական գործով ներգրավված է եղել որպես սպանությունը կատարած մեղադրյալի պաշտպան:

Դատաքննության ընթացքում փաստաբանը, նախնական համաձայնության գալով մեղադրյալի եղբոր հետ, իր կողմից շահագործվող փաստաբանական գրասենյակում այլ ապօրինի, այն է՝ համոզելու, իսկ սպանություն կատարած անձի եղբոր կողմից՝ նաև սպանության սպառնալիքներ հնչեցնելու եղանակով հիշյալ քրեական գործով դատավարության մասնակցին՝ սպանությանն ականատես վկային, հարկադրել են դատարանում կայանալիք հերթական դատական նիստում փոխել մեղադրանքի հիմքում դրված նախաքննական և արդեն իսկ տված դատաքննական ցուցմունքները, տալ սուտ ցուցմունք, որը կնպաստի մեղադրյալի պատասխանատվությունից խուսափելուն։ Բացի այդ՝ վկային տվել են քննությամբ դեռևս չպարզված չափի կաշառք, որից հետո կաշառք ստացած վկան հերթական դատական նիստում տվել է ակնհայտ սուտ ցուցմունք:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել երեք անձանց, այդ թվում՝ փաստաբանի նկատմամբ»:

Հաղորդագրությանը կից նաև ձայնագրություն է հրապարակվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ