Ադրբեջանի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել ԱԹՍ-ների գրոհից հետո իրենց աջակցած երկրներին, այդ թվում՝ Հայաստանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, որոնցից աջակցության հայտարարություններ, նամակներ ու հեռախոսազանգեր են ստացել Նախիջևանի վրա ԱԹՍ-ների գրոհից հետո։

«Անկեղծորեն շնորհակալություն ենք հայտնում աջակցության վերաբերյալ հայտարարությունների, նամակների և հեռախոսազանգերի համար, որոնք ստացվել են մեր միջազգային գործընկերներից Ադրբեջանի տարածքի վրա իրանական ԱԹՍ-ների հարվածներից հետո։ Մեծապես արժևորում ենք Ադրբեջանի նկատմամբ ցուցաբերված համերաշխությունը և մեր երկրի սուվերենությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանն աջակցության վերահաստատումը։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր երկրներին և միջազգային կազմակերպություններին, որոնք այս ընթացքում կանգնած էին Ադրբեջանի կողքին և գնահատում ենք նրանց շարունակական աջակցությունն ու ներգրավվածությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Գրառմանը կից Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել է լուսանկար, որի վրա պատկերված են այն 40 երկրների ու միջազգային 6 կազմակերպությունների դրոշները, որոնց Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել. դրանց թվում է նաև Հայաստանի դրոշը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ