![]()
«Ցավում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը համարում է, որ Սամվել Կարապետյանը կարող է հայ ժողովրդի միասնության սիմվոլ դառնալ: Ժամանակին հենց Տեր-Պետրոսյանն էր Սամվել Կարապետյանին և մյուս օլիգարխներին համարում քրեաօլիգարխիկ համակարգ: Նա այդպես էր բնութագրում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանությունը, իսկ դրա մի մասն է կազմում նաև Սամվել Կարապետյանը»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե Սամվել Կարապետյանը կվերականգնի ողջ հայության միաբանությունը՝ ասաց քաղաքագետ Էդգար Առաքելյանը:
Առաքելյանի կարծիքով՝ այդտեղ չկա քաղաքական որևէ շարժառիթ. «Այդտեղ միայն ՀՀ վարչապետի նկատմամբ նեղ անձնական տրամադրություններ կան, որոնք իրենց համար ավելի վեր են, քան պետության ու ժողովրդի հեռանկարն ու ապագան»:
Անդրադառնալով «Մեր ձևով» շարժմանը՝ Առաքելյանը նշեց, որ նրանց առաջարկն է դառնալ Ռուսաստանի գուբերնիա, ֆորպոստ. «30 տարի իրենք Հայաստանը պահել են գուբերնիայի կարգավիճակում և տեսել ենք, թե ինչ է տեղի ունեցել, այնպես որ իրենք նոր բան չեն առաջարկում: Հիմա նույնիսկ իրենք իրենց դեմքով չեն հանդես գալիս, այլ արհեստական բանականությամբ գեներացված ինչ-որ դեմքերով»:
Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցության հայտարարությանը, թե փողոցային պայքար և իմպիչմենթի գործընթաց են սկսելու՝ քաղաքագետը նշեց. «Սա վկայում է հումորի մասին: Հանրապետական կուսակցությունում հումորի զգացում ունեցող մարդիկ կան և փորձել են այդ թեմայով հումոր անել, քանի որ եթե մենք սրան հումորով չվերաբերվենք, պետք է զավեշտով վերաբերվենք: Ընդամենը մեկ ամսից մտնում ենք նախընտրական արշավի փուլ, այստեղ խոսել իմպիչմենթից կամ փողոցային պայքարից՝ անհեթեթ է»:
Խոսելով «Հայաստան» խմբակցության շանսերի մասին՝ Առաքելյանն ասաց. ««Հայաստան» խմբակցության շանսերը մենք տեսնում ենք վերջին հարցումների արդյունքով, երբ մարդիկ երևի 4 տոկոսի շեմն էլ չեն հաղթահարում: Նրանք չունեն այդ հանրային աջակցությունը կամ հեղինակությունը, որ բավարար ձայներ հավաքեն, իրենք խորհրդարան անցնելու պոտենցիալ ռեսուրս չունեն»:
Էդգար Առաքելյանը նկատեց, որ հարցումների տվյալներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լուրջ առաջընթաց է գրանցել. «Սա նշանակում է, որ ՔՊ-ի նկատմամբ վստահությունը շատ ավելի բարձր է, իսկ իրենցը նվազում է: Եթե դիտարկում ենք նախորդ հարցումների արդյունքները, տեսնում ենք, որ ընդդիմադիր դաշտում տոկոների քանակը հենց այդպիսինն էր, չեն ավելացել, ուղղակի մեկը մյուսի մեջ է տարբերությունը: Եթե նախկինում «Հայաստան» խմբակցության վարկանիշն էր մի փոքր ավելի բարձր, հիմա այդ նույն թվերի շրջանակում մի փոքր ավելի բարձր է «Մեր ձևով»-ինը, այստեղ փոխվել է իշխանության տոկոսները, որը շեշտակի աճ է գրանցել: ՔՊ-ն լուրջ առաջընթաց է գրանցել վարկանիշի առումով»:
Ըստ նրա՝ խաղաղության օրակարգը հանրության մոտ սպասված և պաշտպանվող օրակարգ է. «Վերջին օրերի ընթացքում էլ մենք տեսանք սոցիալական ոլորտում բավականին բարեփոխումներ, որոնք դեռ արտացոլված չեն այս հարցումների մեջ և կարծում եմ, որ եթե մեկ ամիս հետո էլի հարցում իրականացվի, ապա ՔՊ-ի վարկանիշն ավելի բարձր է լինելու»:
![]()