![]()
ՀՀ սահմաններին տևական ժամանակ տիրող խաղաղությունն ակնհայտորեն հիբրիդային հարձակումների թիրախում է։ Եվ սա պատահականություն չէ։ Հենց խաղաղությունն է լինելու կառավարող ուժի նախընտրական լեյտմոտիվը, հետևապես ՀՀ-ի անվտանգությամբ չշահագրգռված, ընդհակառակը՝ պատերազմի վերսկսմամբ շահագրգռված խմբերն ամեն կերպ ջանում են տեղեկատվական, ինչու չէ՝ նաև զինված սադրանքների միջոցով շարքից հանել այդ լեյտմոտիվը։ Այդ նպատակով է, որ քաղաքական դաշտ են իջեցվել այնպիսի դեսանտներ, որոնք հանրության շրջանում քիչ թե շատ պոզիտիվ ընկալում ունեն ու դիրքավորվել են որպես քաղաքական դաշտի, այսպես ասած, «չեզոք» խաղացողներ։ Մի բան է, երբ, օրինակ, հանրության լսողական օրգանը բռնության ենթարկած, խազած պատեֆոնի վերածված սերժաքոչարյանական ընդդիմությունն է ճռնչում «Նիկոլ Փաշինյանի բերած կեղծ խաղաղության» մասին, մեկ այլ բան, երբ այդ «կեղծ խաղաղության» մասին «գեղգեղում» են իրենց «երգով» ժողովրդին դեռ չհոգնեցրած, քաղաքական «մաքուր հետագիծ» ունեցող «չեզոք աստղերը»։
Այդ «աստղերից» (ընդ որում՝ «թևավոր») մեկն էլ նախկին ՄԻՊ, Սերժ Սարգսյանի պրոտեժե, ՀՀ ապագա վարչապետի պաշտոնին հավակնող Արման Թաթոյանն է։ Խաղաղության գործընթացն ամեն գնով նսեմացնել-արժեզրկել-կասկածի տակ դնելու արշավին «ակուրատնի» լծված նախկին օմբուդսմենը, ինչպես հայտնի է, նախօրեին հրատապ ասուլիս էր հրավիրել՝ ապահովելու լրահոսի «օրվա սենսացիան»։ Նա նշեց, թե 2025 թվականի օգոստոսին՝ մինչև այդ ամսվա 19-ը ներառյալ, ադրբեջանական զինուժը նոր դիրքեր է տեղակայել ու ամրակայվել է ՀՀ սուվերեն տարածքում, մասնավորապես Գեղարքունիքում և Վայոց ձորում, սակայն իշխանությունը նենգաբար թաքուն է պահել այս հանգամանքը ՀՀ քաղաքացիներից։
Նկատենք, որ օգոստոս ամիսը հենց այնպես չէ, որ շեշտադրվեց նորահայտ «թևավոր աստղ»-ի ելույթում։ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո օգոստոս ամիսն այլևս ասոցացվում է խաղաղության համաձայնագրի և խաղաղության գործընթացի կյանքի կոչման, Հայաստանի՝ անվտանգային նոր ռեժիմ փոխադրվելու հետ։ Հետևապես շեշտադրելը, որ ադրբեջանական զինուժը ինչ-որ գործողություններ է իրականացրել ՀՀ սուվերեն տարածքում հենց այդ ամսին, կունենա քարոզչական հզոր էֆեկտ, կարժեզրկի նախ այդ գործընթացի «վկային»՝ ԱՄՆ նախագահին (որ Պուտինի երաշխավորությամբ նախաստորագրված լիներ համաձայնագիրը, հո նման բան չէ՞ր լինի), երկրորդ՝ կարժեզրկի գործընթացն ինքնին՝ ամրապնդելով «Նիկոլ Փաշինյանի բերած կեղծ խաղաղության» նարատիվը։
ՔՊ-ի էլեկտորատն էլ, հրեն, ընտրություններից առաջ կլսի նման ներխուժման մասին, կազդվի, կկասկածի Փաշինյանին՝ «Ղարաբաղի գլխովը» եկածը վերհիշելով, կհիասթափվի ու կգնա այլ քաղաքական ուժի ձայն կտա, ասենք՝ «թռչող ցլին»՝ Թաթոյան+Չալաբյան պրոյեկտին։ «Էմոցիոնալ թիրախավորման» հնարքին լավ տիրապետող (երևի նախկին պաշտոնի բերումով) Թաթոյանը, նկատենք, բավական գրագետ աշխատեց՝ ապահովեց տեղեկատվական աղմուկ՝ «ասուլիս»-ը հայտարարելով «հրատապ», «ավանսով» վախեցրեց մասնավորապես վերոհիշյալ մարզերի բնակիչներին, ապա ադրբեջանական թափանցման մասին վկայող՝ արբանյակից իբրև թե արված լուսանկարների «պրեզենտացիայից» հետո զուգահեռներ անցկացրեց Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զարգացումների միջև՝ շեշտելով՝ Ղարաբաղում էլ էին ադրբեջանական ներխուժումները տեղի ունենում նույն սցենարով։ Այս հանգամանքը շեշտած նախկին ՄԻՊ-ին մնում էր մի բան՝ վերը բերվածից բխեցնելը, թե՝ Հայաստանին էլ է սպառնում «ղարաբաղիզացիան»։ Թաթոյանի «սկանդալային բացահայտումը»՝ «ադրբեջանական զինուժի՝ թաքուն պահված ներթափանցման» մասին, սակայն, կարճ կյանք ունեցավ՝ ժամեր անց հօդս ցնդեց ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարճ կապեց՝ նախկին ՄԻՊ-ը «ստում է, նման բան չկա, սիրելի հայրենակիցներ»: Ապա այս համատեքստում նախարարը շեշտեց․ «ՀՀ-ում կան կուսակցություններ, ձևավորվում են նրանց արբանյակները, որոնք մի բանի մասին են՝ սարսափ տարածելու, իրավիճակը ապոկալիպտիկ ներկայացնելու։ Կարճ ասեմ, իրենք մահվան, պատերազմի, ապատեղեկատվության ընդհանրական կուսակցություն են։ Կապ չունի՝ անունն ինչ կլինի այդ կուսակցության, կամ, ցլի տեսք կունենան, փղի տեսք կունենան։ Էս բոլորը մեկ նպատակ ունի՝ խաթարել ՀՀ՝ խաղաղության հասնելու ճանապարհը։ Ուրիշ անելիք չունեն, միակ անելիքը մեզ խանգարելն է»։
Ի դեպ, տեղին է հիշեցնել, որ Արման Թաթոյանը ամիսներ առաջ՝ սեպտեմբերին, մեկ այլ «սկանդալային բացահայտում» էր արել, որը ևս այսպես թե այնպես առնչվում էր խաղաղության գործընթացի հետ։ Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստան վերադարձի նպատակով ավելի քան 100.000 մարդու, այսպես կոչված՝ «արևմտյան ադրբեջանցիների» գրանցման թեմային՝ նախկին ՄԻՊ-ն իր ֆեյսբուքյան էջում նշել էր. «Ադրբեջանական իշխանությունը շարունակում է տրամադրել ID-ներ (ապագա անձնագրեր), որտեղ նշված է անձի ծագման վայրը (բնօրրանը)՝ «Արևմտյան Ադրբեջան» և Հայաստանի Հանրապետության բնակավայրերից մեկը…»: Նախկին ՄԻՊ-ն այդ ժամանակ էլ գրառմանը կցել էր ոչ թե արբանյակային, «Գուգլ Մապ»-ով, այլ՝ ֆոտոխցիկով արված մի ինչ-որ վկայականի լուսանկար։ FIP-ը, սակայն, պարզել էր, որ Թաթոյանի հրապարակած այդ «իրեղեն ապացույցն» ընդամենը «Արևմտյան Ադրբեջան համայնքը» ոչ պետական, հասարակական կազմակերպության տրամադրած անդամատոմսի լուսանկարն է։ Ուշադրություն՝ անդամատոմսի, որը մասնագիտությամբ իրավաբան, արդարադատության փոխնախարար, ՀՀ օմբուդսմեն աշխատած մարդը ներկայացրել էր որպես․․․ ID քարտ։
Կարծում ենք՝ փաստերը լավագույնս են նկարագրում հիբրիդային «կենդանակերպերին»։ Ցլերին, փղերին, գետաձիերին ու ռնգեղջյուրներին, ինչպես հայտնի է, թռչելը հատուկ չէ, որքան էլ դրանց թևեր վերագրվեն։ Հետևապես վայրէջքը սպառնում է լինել դաժան ու ցավագին։
![]()