![]()
«Շեֆի որդուն ասեք՝ շեֆի տղա, էդ որ 21 տարեկանում միլիոն փող ունեիր ու քեզնից ու քո հայրիկից 200 միլիոն դոլարին համարժեք փող և գույք՝ որպես ապօրինի ձեռքբերված պետությունը պահանջում է, ինչու եք երկարացնում, գնացեք մուծվեք բյուջե, գիտեք ինչու չեք ասի, որովհետև դուք այդքան չկաք, որ ասեք, որովհետև ինքը ձեր շեֆի տղան է: Դուք ձեր շեֆի տղու կրտսեր գործընկերների կրտսեր գործընկերն եք»,-ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Դիմելով «Հայաստան» խմբակցությանը՝ Ռուբինյանը նշեց. «Կգնաք ամբողջ խմբակցությունով շեֆի մոտ, կասեք՝ շեֆ, այդ 200 միլիոնը հերիք է երկարացնես, հույս չունենաս, ընտրությունները չենք կրելու, գնա մուծի բյուջե: Տիկին Գրիգորյան, զանգեք Վահե Հակոբյանին, ասեք՝ շեֆ, դե դուք շեֆեր շատ ունեք, ինչի ես «թռած»: Տիկին Գրիգորյանը ժխտում է, որ Քոչարյանն իր շեֆն է, երևի գործ ունենք հերթական ուրացման հետ, փաստորեն Քոչարյանին էլ է պատրաստվում «գցի», ենթադրաբար արդեն հասկացել է, որ Քոչարյանի ուժը չի անցնելու խորհրդարան»:
Ռուբինյանի խոսքով՝ նրանք ի բնե կոռուպցիայի պաշտպաններ են. «Ամենավատ բանը ձեր մասին այն է, որ դուք պատերազմի կուսակցություն եք: 2020 թվականից հետո ինչ հայտարարել եք, դրանցից մեկը մենք լսեինք, ձեր ասածով անեինք, մի հինգ անգամ պատերազմի մեջ եղած կլինեինք: Ժողովուրդը պետք է հստակ իմանա, որ եթե Հայաստանն ընդունի մի քաղաքականություն, որն ասում են այս մարդիկ, իրենք հայտարարելու են, որ հակամարտությունն ավարտված չէ, հայտարարելու են, որ չեն ճանաչում ՀՀ սահմաններն Ալմա-Աթայի հռչակագրով, ասելու են, որ պետք է շարունակել Ղարաբաղյան շարժումը, լավագույն դեպքում չի լինելու խաղաղություն, վատագույն դեպքում լինելու է պատերազմ: ՔՊ-ն հունիսի 7-ին պետք է ստանա սահմանադրական մեծամասնություն, որպեսզի Քոչարյանն իր 200 միլիոնը, երբ դատարանում ապացուցվի, որ ապօրինի ձեռքբերված է, վերադարձնի բյուջե»:
![]()