Մեր թոշակն այլևս երբեք սպառողական զամբյուղից ցածր չպետք է լինի և չի լինի․ սա պատմական փոփոխություն է. Փաշինյան

«2026 թվականի բյուջեն պլանավորելիս նախատեսել էինք, որ 2025-ին պլանավորածից 30 միլիարդով քիչ եկամուտ ենք հավաքելու:

Դրան գումարվում է նաև տնտեսական աճի հավելյալ չափի էֆեկտը, և դրա հետևանքով մենք ակնկալում ենք, որ կունենանք առնվազն 40 միլիարդով ավելի հարկային եկամուտներ, քան պլանավորված է 2026 թվականի բյուջեով: Ունենք նաև պահուստային միջոցներ, որոնք դրված են տարվա ընթացքում ի հայտ եկող այլ խնդիրներ լուծելու համար: Այս երկու աղբյուրներից մենք կարողանալու ենք ֆինանսավորել»:

Այս մասին Կառավարության՝ մարտի 5-ի նիստին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, երբ գործադիրը քննարկում էր կենսաթոշակների բարձրացման և դրան հատկացվելիք միջոցների հարցը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է, որ ՀՀ կառավարությունը խնդիր է դրել՝ թոշակը սպառողական զամբյուղից ներքև չպետք է չգնա:

Փաշինյանը նշել է որ առանց մանրամասն փորձագիտական քննարկումների է նման բան հայտարարում՝ հաշվի առնելով այն, որ հիմա ռեզերվ ունեն:

«Խնդիրը հետևյալն է. որ մեր թոշակն այլևս երբեք սպառողական զամբյուղից ցածր պետք է չլինի և չի լինի: Սա պատմական փոփոխություն է:

Իմ ասածն այն է, որ պատմական փոփոխությունն ունի երկու առանձնահատկություն. առաջինը՝ երբ դրան հասնում ես, շատ լավ է, բայց հետո երբեմն մոռանում ես, որ պետք է խնամք տանել այդ պատմական ձեռքբերման նկատմամբ, և դա գնում, հետ է գլորվում դեպի նախնական վիճակ:

Դա վերաբերում է ամեն ինչին. դա վերաբերում է խաղաղությանը, սոցիալական իրավիճակին, կրթությանը, բացարձակապես ամեն ինչին: Պետք է ֆիքսել և խնամք տանել, որպեսզի այն, ինչ ձեռք ես բերել, հետագայում զարգանա»,- ասել է վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով Կառավարության անդամներին նման արդյունքի համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ