Կենսաթոշակների վճարումներն անցնում են անկանխիկ համակարգի․ ի՞նչ պետք է իմանան քաղաքացիները

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ապրիլի 1-ից Հայաստանում պետական բոլոր նպաստներն ու կենսաթոշակները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկերի կողմից թողարկված կենսաթոշակային քարտերի միջոցով։

Բանկերը հունվար-փետրվար ամիսներին անկանխիկ վճարման դիմում ներկայացրած և բանկ ընտրած քաղաքացիների համար իրականացրել են քարտերի թողարկումը։

Հայաստանի բանկերի միությունից հայտնում են, որ անկանխիկ վճարման դիմում չներկայացրած շահառուները մարտի 5-ից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ինքնաշխատ եղանակով կբաշխվեն ըստ հետևյալ բանկերի․

ԱԿԲԱ բանկ ԲԲԸ

Արարատբանկ ԲԲԸ

Արցախբանկ ՓԲԸ

Հայէկոնոմբանկ ԲԲԸ

Վերոնշյալ 4 բանկերը մինչև ս.թ. ապրիլի 1-ը տեղաշարժման սահմանափակում ունեցող անձանց համար կապահովեն քարտերի առաքումը՝ բանկի աշխատակիցների և/կամ սուրհանդակային ծառայությունների միջոցով։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մարտի 5-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Միասնական սոցիալական ծառայության կողմից վճարման եղանակի փոփոխության և բանկի ընտրության վերաբերյալ դիմումներ չեն ընդունվելու։

Մինչև մարտի 5-ը դիմում ներկայացրած և բանկ ընտրած քաղաքացիները, ովքեր չունեն տեղաշարժման սահմանափակումներ, պետք է ներկայանան համապատասխան բանկ՝ քարտը ստանալու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ