![]()
Տարածաշրջանում Իրանի շուրջ իրավիճակի լարումից և ռազմական գործողությունների սկսումից հետո բոլոր վերաբերելի երկրներում մեր դեսպանությունները բերվել են աշխատանքային արտակարգ ռեժիմի, կապ է հաստատվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ, այդ թվում և թեժ գծերի միջոցով, և այդ պահից սկսած նրանց անվտանգ Հայաստանի Հանրապետություն վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվել։
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ բարդություններն ակնհայտ են, փակ թռիչքային զոնա է հայտարարվել, գրեթե բոլոր այդ վերաբերելի երկրներում, չեղարկվել են թռիչքները։
«Մի առանձնահատկություն կա, օրինակ` Արաբական Միացյալ Էմիրությունները ցամաքային սահման ունի Օմանի հետ և օգտվելով այդ հնարավորությունից, մենք կազմակերպել ենք և կազմակերպում ենք մեր քաղաքացիների տեղափոխումն Արաբական Միացյալ Էմիրություններից դեպի Օման, որտեղից արդեն կազմակերպվում են թռիչքները Մասկատից Երևան:
Ո՞րն է Արտաքին գործերի նախարարության դերն այս ամբողջ պատմության մեջ։։ Կրկնում եմ, խոսքը շուրջ 400 կմ ճանապարհի մասին է, տրանսպորտային տեղափոխության կազմակերպումը, ընկերություններ գտնելը, նաև վճարելը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է հոգում, այդ տեղափոխությունը, նրանց անվտանգ անցումն Արաբական Միացյալ Էմիրություններից դեպի Օմանի Սուլթանություն, նրանց հասցնելը մինչև օդանավակայան, ձևակերպումների կազմակերպումը, իհարկե, նաև թռիչքների թույլտվությունների ստացումն Արտաքին գործերի նախարարության կողմից են կազմակերպվել՝ որոշ դեպքերում ավիաընկերությունների հետ բանակցելով և այլն, և հետո արդեն քաղաքացիները կարող են այդպես վերադառնալ։ Արդեն երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով 110 Հայաստանի Հանրապետության քաղաքացի է վերադարձել, վաղն էլ է դրված թռիչք, հաջորդ օրն էլ, դրա հաջորդ օրն էլ։ Մեծ հավանականությամբ կարող են թռիչքները վերագործարկվել նաև Դուբայից և Աբու Դաբիից, բայց, իհարկե, այսքանով ամբողջը չի սահմանափակվում, սպեցիֆիկաներ կան։
Մենք մշտապես կապի մեջ ենք մեր գրեթե բոլոր քաղաքացիների հետ։ Օմանում ունենք 2 քաղաքացի, որոնք ցանկություն չունեն վերադառնալու։ Հեռավոր Արևելքից 2 քաղաքացի եկել են Օման և այնտեղից արդեն տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։ Իսրայելում ունենք 15 քաղաքացի, որոնցից 5-ի հետ մշտական կապի մեջ ենք, ուզում են վերադառնալ: Քուվեյթում ունենք 17 քաղաքացի, նրանց հետ կապի մեջ ենք, ուզում են վերադառնալ, առայժմ հնարավոր իրատեսական ուղիներ չկան, բայց բոլորն անվտանգ են, բոլորը նորմալ են։ Դոհայում ունենք քաղաքացիներ, առայժմ վերադառնալու հնարավորություն չկա, բայց բոլորն ապահովված են հյուրանոցներով, սննդով։ Դոհայում մնացած քաղաքացիներից 2-ը դեղորայքի կարիք են ունեցել, դեսպանության միջոցներով այդ դեղորայքը հասցվել է։ Ավելորդ է ասել, որ նույն Օմանում, նույն բոլոր տեղերում ամբողջն արվել է նաև դեսպանությունների միջոցով։ Լիբանանում համույթ կար, որն արդեն վերադարձավ, վայրէջք կատարեց Երևան. կրկին, Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանության ջանքերով և ուղեկցությամբ խումբը հասցվել է օդանավակայան։ Վիետնամում ունենք 1 քաղաքացի, ով ունի Բահրեյնում մշտական կացության իրավունք և ընդհանրապես ցանկություն չունի վերադառնալու։ Միևնույն ժամանակ Հնդկաստանում ունենք 117 քաղաքացիներ, որոնք այնտեղ են տուրիստական նպատակներով և «Սևան Ստարտափ Սամմիթի» շրջանակներում, ուղիներ ենք փնտրում նրանց վերադարձնելու։ Շրի Լանկայում ունենք քաղաքացի: Այսինքն` բոլոր տեղերում նախ կապ ունենք և, երկրորդ, փորձում ենք, հաճախ ստացվում է, մյուս տեղերում ուղղակի անհնար է, որովհետև թռիչքների փակ զոնա է և այլն։
Կառավարությունը փորձում է նրանց տեղափոխել Մասկատի, այսինքն` Օմանի օդանավակայան կոնկրետ Արաբական Միացյալ Էմիրություններից։ Կառավարությունը հոգում է` այդտեղ տեղափոխման ծախսը:
Դժգոհություններ միշտ կարող են լինել: Կառավարությունը մարդկանց տալիս է ավտոբուս, վճարում է ավտոբուսի համար և ավտոբուսով հասցնում է Դուբայից, օրինակ` Մասկատի օդանավակայան, որտեղ Կառավարությունը նաև ստացել է թռիչքի թույլտվություն։ Մնացածը մասնավոր ավիաընկերության հարց է։ Հիմա նայեք, ասում եք` գները բարձրացել են, բայց օրինակ, եկեք նաև հասկանանք։ Մենք խոսել ենք, բանակցել ենք ավիաընկերությունների հետ, եկեք արձանագրենք, որ այդ նույն սովորական թռիչքուղով չի թռչում, այսինքն` օդանավը Մասկատ-Երևան թռիչքի համար այլևս այնպես չի գալիս, չգիտեմ, այսպես է գալիս, դա նշանակում է կրկնակի, եռակի ժամանակ օդում, ըստ այդմ՝ նաև ծախսեր և այլն։ Օրինակ, եթե հետաքրքիր է, մի թռիչքի ինքնարժեքն ինձ ասացին՝ 170.000 դոլար է, և եթե դա պայմանական բաժանես 200 քաղաքացու վրա, արդեն կարող ենք ֆիքսել, որ ինքնարժեքը մեծ տոկոս է։ Ես իսկապես գները չգիտեմ։ Ես՝ որպես Կառավարության անդամ, հոգ եմ տարել նրա մասին, որ մեր քաղաքացիները տուն վերադառնալու հնարավորություն ունենան, և մի մասն էլ ճանապարհի տեղափոխել են։ Հետո արդեն ներողություն, եկեք նաև արձանագրենք, որ խոսքն այն քաղաքացիների մասին է, ովքեր մեծ հավանականությամբ գնացել են այնտեղ զբոսաշրջային նպատակներով: Կարող է, իհարկե, լինեն նաև այլ պատճառներ, բայց ներողություն, եթե մի մարդ, օրինակ, կոնկրետ, մասնավոր դեպք գիտեմ, ով համարյա մեկ ամիս է Շրի Լանկայում ինչքան հնարավոր է լողազգեստով նկար է տեղադրել, նշանակում է վճարունակ է, չէ՞, տոմս կարող է գնել։ Ինչի՞ մասին է խոսքը։ Մի փոքր արդար չէ Կառավարության նկատմամբ նաև այդ տոմսը գնելու պահանջը:
Կլինեն նաև այլ խմբեր, այլ խավեր, կմտածենք և կդիտարկենք, բնականաբար, նաև ֆինանսական այդ բեռը մեզ վրա վերցնելու հարցը։ Այսինքն՝ շատ սպեցիֆիկ է: Եթե Դուք նկատեցիք, ես քաղաքացի-քաղաքացի, երկիր-երկիր գիտեմ՝ որտեղ, որ քաղաքացին դեղորայքի խնդիր ունի, թե ուզում է վերադառնալ, կացության խնդիր ունի և այլն»։
![]()