![]()
ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը Պենտագոնում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն Հնդկական օվկիանոսում խորտակել է իրանական ռազմանավը, որն իրեն «անվտանգ էր զգում միջազգային ջրերում»։
«Փոխարենը` այն խորտակեց տորպեդոն»,- ասել է Հեգսեթը:
Նրա խոսքով՝ սա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին դեպքն է, երբ ամերիկյան սուզանավը տորպեդահարել է հակառակորդի նավը։
«Մենք պայքարում ենք հաղթելու համար»,- հավելել է պատերազմի նախարարը:
Նա չի ասել, թե կոնկրետ որ նավի մասին է խոսքը, սակայն ավելի վաղ Շրի Լանկայի ռազմածովային ուժերը հայտնել էին, որ Հնդկական օվկիանոսում խորտակվել է Իրիս Դենա նավը, որում գտնվող մոտ 140 մարդ անհետ կորել է: Արդեն հայտնաբերվել է առնվազն 80 մարդու դի։
Երեք ամերիկացի պաշտոնյաներ «Ռոյթերս»-ին հայտնել են, որ ԱՄՆ-ն հարվածել է իրանական ռազմանավին Շրի Լանկայի ափերի մոտ։ Նրանցից մեկը, ով ցանկացել է անանուն մնալ, ասել է, որ հարվածը հասցվել է սուզանավից։
Շրի Լանկայի ռազմածովային ուժերը հաստատել են, որ չորեքշաբթի առավոտյան իրանական «IRIS Dena» ռազմանավից աղետի ազդանշան ստանալուց հետո փրկել են 32 մարդու։
![]()