![]()
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի բնակիչ երկու եղբայր ստեղծել են հանցավոր կազմակերպություն, ներգրավել հիմնականում համաքաղաքացիների, բաշխել յուրաքանչյուրի դերը և արդեն երկար ժամանակ Լոռու մարզում ու հանրապետության այլ վայրերում ծրագրել և կատարել են ավազակություններ, բնակարանային գողություններ, այլ հանցագործություններ։
Ինչպես հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը, հետագա միջոցառումների արդյունքում մարտի 3-ին ստացվել էր նոր տեղեկություն, որ հանցավոր խմբի անդամները երկու մեքենայով, զինված ռադիոկապի միջոցներով, դուռ ու լուսամուտ բացելու գործիքներով, մեկնել են Սպիտակ համայնքի Արջհովիտ գյուղ՝ բնակարանային գողության։
«Հետագա գործողությունները քրեական ոստիկանները կատարեցին մարզի պարեկների, Համայնքային ոստիկանության Տարոնի ու Բազումի ծառայողների հետ համագործակցությամբ։
Ժամը 22․10-ին Սպիտակից Վանաձոր գալու ճանապարհին, Բաղրամյան փողոցում իրավապահները կանգնեցրին «Ռենո» մակնիշի մեքենան, իսկ յոթ րոպե անց՝ նույն փողոցում կանգնեցվեց «Շևրոլեն»։
Երկու դեպքում էլ վարորդները չենթարկվեցին պարեկների «կանգառ» ազդանշանին, սակայն հետապնդումից և մեքենաները կանգնեցնելուց հետո վարորդներն ու ուղևորները փորձեցին դիմել փախուստի, ինչը նույնպես կանխվեց։
Կազմակերպիչ եղբայրներն ու ևս հինգ հոգի ձերբակալվել ու տեղափոխվել են Լոռու մարզային վարչություն։ Մեքենաներում և նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեններ, ոսկյա և արծաթյա զարդեր ու գումար, որոնք, ըստ իրենց, գողացել էին Արջհովիտ գյուղի տնից։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Այս պահին բացահայտվել է հանցավոր խմբի կատարած բնակարանային գողության 15 դեպք։ Միջոցառումները շարունակվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
![]()