![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը չի հասկանում այն հայտարարությունները, որ ասում են, թե «երկիրը այս վիճակից պետք է հանել»: Նա արձանագրում է՝ խաղաղություն է, երկրի արտաքին քաղաքականությունը բնականոն հունով զարգանում է:
Այս մասին Մելքոնյանն ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ հայտնած հիացական գնահատականին:
Ըստ պատգամավորի՝ նույն Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ Հայաստանը Ռուսաստանի ճորտն էր, ՌԴ-ն էր մեր փոխարեն որոշումներ կայացնում, անգամ՝ նախագահ ու նախարար ընտրում:
«Պատերազմի ժամանակ մեր դաշնակիցը փողերը մեր ձեռքից վերցրեց, ո՛չ զենք տվեց, ո՛չ էլ փողն է մինչև հիմա տվել: Մենք տեսանք՝ ՌԴ-ն ինչպես երաշխավորեց Արցախի հարցում, մինչև հիմա Հայաստանի սահմանները չի ճանաչել: Չեն իմանում՝ Ջերմուկը մե՞ր տարածքն է, թե՞ չէ: ԱՄՆ-ն մեզ ոչինչ չի պարտադրում, իր ոչ մի դաշնակցի չի «քցել», բոլորին հավասարը հավասարի սկզբունքով է մոտենում, իսկ առաջ մտածում էինք՝ մի տեղ գնանք, պարոն Լավրովը կնեղանա»,- նկատում է Գագիկ Մելքոնյանը:
Վերջինիս կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանն իր թիմով ուզում է, որ Հայաստանը մշտապես լինի պատերազմի մեջ. «Պատերազմ են ուզում հրահրել, ուզում են մեզ քաշել Իրանի պատերազմի մեջ: «Սյունյաց ճնճղուկ»-ը (-խմբ. նկատի ունի Խաչիկ Ասրյանին) հայտարարում է, թե 5000 մարդ ունի, պատրաստ է կանգնել Իրանի կողքին: Նախկին իշխանության ժամանակ «Հայոց արծիվներ» էին, հիմա «Սյունյաց ճնճղուկներ» են․ այսպես ուզում են մեզ քաշել պատերազմի մեջ»:
Իշխող ուժի անդամը համոզմունք է արտահայտում, որ այսօր Հայաստանը ճիշտ քաղաքականություն է վարում, և չպետք է այլևս ոչ մեկի ճորտը դառնանք:
«Ուզում են մեր երկիրը տանեն ու նորից մտցնեն Ռուսաստանի տակ, դարձնեն գուբերնիա: Ինչի շուրջ են ուզում միավորվել՝ գուբերնիա դառնալո՞ւ: Էդ օլիգարխները որ գալիս են ստեղ, սկսում կինոներ ցույց տալ, իրենց հրամայում են, ասում են՝ գնացեք էդ երկիրը քանդեք: Ժողովուրդը տեսնում ա՝ քամին որտեղից ա գալիս: Արտաշատում վարչապետին չթողեցին խանութ մտնի, սուսուփուս դուրս եկավ, իսկ Քոչարյան Ռոբի ժամանակ դաշնակ Պողոսին «պրիվետ Ռոբ»-ի համար տվեցին սպանեցին: Միավորվեն էլ, դրսից տղա էլ բերեն, չեն կարա: Ժողովուրդը իրենց ձեն չի տա․ էլ առաջվանը չի, որ ինչքան ուզեն խփեն»,- ընդգծում է պատգամավորը:
Անդրադառնալով Մայր Աթոռի ղեկավար դասին՝ վերջինս ասում է. «Թող իրենց օրենքները վերանայեն, ասեն՝ կուսակրոնը կարող է ոչ թե մեկ կնիկ ունենա, այլ երեք կնիկ ունենա, որ իրենց էլ բան ասող չլինի: Պետք ա ենթարկվեն մեր Սահմանադրությանը, ոչ թե ապրեն ստեղ, շարժվեն ռուսական ФСБ-ով, ՀՀ-ին թիկունքից էլ խփեն»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()