Նորից եմ առաջարկում՝ թող բարի լինեն հավաքվեն․ ինչու Աբրահամյանին թույլ չի տրվել տեսնել ձեռք բերված զենքերը

Ինչու է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին ՊՆ-ն մերժել է ցուցադրել ձեռք բերված զենք-զինամթերքը:

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով հարցին, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց՝ ինչու է նման որոշում եղել։

«Վարչապետի հայտարարությունից հետո ես ևս մի քանի անգամ, այդ թվում նաև այս ամբիոնից, հրավիրել եմ այստեղ նստած մեր գործընկերներին, որպեսզի նրանք կազմակերպվեն, խմբակցություններին հրավիրել էինք, որպեսզի գան այն փուլում, երբ մենք հնարավորություն էինք ստեղծել, այսինքն՝ տեղափոխել էինք համապատասխան վայր նոր գնված զենք-զինամթերքը և ցուցադրում էինք բոլոր այն խմբերին, որոնք ինքնակազմակերպվում էին, իրենց համար նույնպես այդ հնարավորությունը եղել է:

««Հայաստան» խմբակցությունը չի արձագանքել: Մի անգամ խմբակցության ղեկավարը լրագրողներին ասել է, որ զենքերի ցուցադրությունը տեղի է ունենում զորավարժությունների և զորահանդեսների միջոցով: Մյուս խմբակցությունը չի արձագանքել, արձագանքել է 1 պատգամավոր, որ պատրաստ է գալ, և դա նա էր: Բնականաբար, երբ ինձ դա ասել են, ես ասել եմ՝ կներեք, բայց ես չեմ պատրաստվում 1 պատգամավորի համար հարյուրավոր մարդկանց տանել հունվար ամսին կանգնեցնել, որ մեկ պատգամավոր բարեհաճի գա և մեր ընձեռած հնարավորությունից օգտվի: Նորից եմ առաջարկում՝ թող բարի լինեն հավաքվեն, և համապատասխան քանակով մարդկանց համար մենք այդ հնարավորությունը կստեղծենք: Կամ թող սպասեն այդ հնարավորությունը կունենան այլ ձևով, այլ փուլում»,- տեղեկացրեց Պապիկյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ