![]()
Դատարանը պարտավորեցրել է Վազգեն Սաղաթելյանին հերքել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանի վերաբերյալ տարածած տեղեկությունները։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է պատգամավորը՝ հրապարակելով իրավաբանական ընկերության հաղորդագրությունը։
«ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանի վերաբերյալ «Իմնեմնիմի» հաղորդման ընթացքում Վազգեն Սաղաթելյանի տարածած տեղեկատվությունը դատարանը ճանաչեց զրպարտություն՝ պարտավորեցնելով տարածել հերքում։
2026 թվականի մարտի 3-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը բավարարել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հայցն ընդդեմ Վազգեն Սաղաթելյանի՝ զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և զրպարտության համար փոխհատուցում վճարելու պահանջների մասին։
Դատարանը վճռով արձանագրեց, որ Վազգեն Սաղաթելյանի կողմից 2025 թվականի հուլիսի 19-ին «Իմնեմնիմի» հաղորդման ընթացքում տարածած տեղեկությունները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը, ինչպես նաև օբյեկտիվ ընկալման տեսանկյունից դիտվում են անձի պատիվը և արժանապատվությունը արատավորող։ Միաժամանակ դատարանը փաստեց, որ Վազգեն Սաղաթելյանը ունեցել է պատգամավորի պատիվն ու արժանապատվությունը արատավորելու հստակ դիտավորություն։
Արուսյակ Մանավազյանի խախտված իրավունքների դատական պաշտպանությունը ստանձնել էր AM իրավաբանական ընկերությունը, ի դեմս ավագ իրավախորհրդատու, փաստաբան Արման Ներսիսյանի։ Դատարանը պարտավորեցրել է Վազգեն Սաղաթելյանին տարածել հերքում, ինչպես նաև Արուսյակ Մանավազյանին վճարել գումարային փոխհատուցում։
Այս վճիռը ևս մեկ անգամ հաստատում է, որ զրպարտության դեմ իրավական պայքարը կարող է լինել արդյունավետ, իսկ խախտված պատվի և արժանապատվության պաշտպանությունը՝ լիարժեք ապահովված պրոֆեսիոնալ իրավաբանական ներկայացուցչության պայմաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
![]()