![]()
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հայաստանում արգելվում է շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան, խաղասրահի, վիճակախաղի (այդ թվում՝ տոտալիզատորի), ինչպես նաև դրանց կազմակերպիչների վերաբերյալ ցանկացած տեսակի գովազդ։ Օրենսդրության համաձայն՝ գովազդի տեղադրումը թույլատրվում է բացառապես համապատասխան կազմակերպչի պաշտոնական կայքում և խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատորի (խաղասրահի, բուքմեյքերային գրասենյակի) շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա։ Կոմիտեն ընդգծում է, որ տվյալ իրավակարգավորման խստագույն պահպանումը պարտադիր պահանջ է։
ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ վերջին շրջանում մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ աճել են սահմանված արգելքների շրջանցման փորձերը։ Գովազդի արգելքը շրջանցվում է տարբեր մեխանիզմներով։
«Եվ այսպես․ սոցիալական ցանցերի օգտատերերի, բլոգերների, հայտնի մարզիկների, երգիչների կամ շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներ պարբերաբար տարածում են անուղղակի և քողարկված գովազդային բնույթի նյութեր։
Մասնավորապես՝
- հանրային միջոցառումների ընթացքում կազմակերպվում են արարողակարգային գործողություններ, որոնց ընթացքում տեսանելիորեն ցուցադրվում են խաղային արտադրանք արտադրողի կամ կազմակերպչի անվանումները,
- հանրային դեմքերը հագնում են հագուստ, կրում աքսեսուարներ կամ այլ պարագաներ՝ խաղային գործունեություն իրականացնող կազմակերպիչների անվանումներով կամ տարբերանշաններով.
- տեսանյութերը, երաժշտական հոլովակները կամ այլ տեսալսողական նյութերը նկարահանվում են խաղատների կամ խաղասրահների տարածքներում՝ ընդգծված բրենդավորմամբ, և հետագայում տարածվում են հանրային հարթակներում։
ՊԵԿ-ը մատնանշում է, որ համացանցում զգալիորեն աճել են նաև այն դեպքերը, երբ օտարերկրյա պետություններում գործող կայքերն իրենց խաղային գործունեությունը գովազդում են ՀՀ տարածքում՝ ծառայություններ առաջարկելով ՀՀ քաղաքացիներին։ Գովազդի արգելքը շրջանցվում է տարբեր մեխանիզմներով, այդ թվում՝ անուղղակի գովազդային հաղորդագրությունների, թվային հարթակներում բոնուսային խթանող առաջարկների և քողարկված այլ ձևաչափերով։ Կոմիտեն կրկին շեշտում է, որ օտարերկրյա պետությունում լիցենզավորված լինելը չի ազատում տվյալ կազմակերպություններին կամ նրանց ներկայացուցիչներին ՀՀ տարածքում գործող օրենսդրության պահպանման պարտավորությունից։
Ի դեպ, Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված խաղային գործունեությամբ զբաղվող ընկերությունները ևս փորձում են տարատեսակ մեխանիզմների կիրառմամբ շրջանցել գովազդի արգելքը։
Կոմիտեն նախազգուշացնում է, որ խաղային ոլորտի գովազդը՝ իր բովանդակությամբ և մատուցման ձևաչափով, առաջացնում է արագ շահույթի խաբուսիկ պատկերացում՝ թերագնահատելով հնարավոր կորուստներն ու կախվածության զարգացման ռիսկերը։
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ուղղակի կամ անուղղակի ձևերով օրենսդրական արգելքի շրջանցումը՝ ներառյալ միջնորդավորված, քողարկված կամ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ, ենթակա է իրավական գնահատման և առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։ Կոմիտեն հորդորում է Հայաստանի Հանրապետության տարածքում խստագույնս պահպանել «Գովազդի մասին» ՀՀ օրենքի պահանջները, իսկ գովազդի արգելքի շրջանցման ցանկացած դեպքի մասին տեղեկացնել վերահսկող մարմնին (ՊԵԿ-ին) 010 30-42-92 կամ 010-30-42-91 հեռախոսահամարներով»,- ասվում է հաղորդագրությունում։
![]()