![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրել է Վանիկ Օհանյանի թեկնածությունը:
Վանիկ Օհանյանին Ազգային ժողովի մարտի 4-ի նիստին ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Իր ելույթի ժամանակ Վանիկ Օհանյանը ներկայացրել է ոլորտին առնչվող իր պատկերացումները:
Ըստ այդմ՝ նա առանձնացրել է առողջապահությանն առնչվող երեք հայեցակետ․ առաջին հայեցակետը մարդակենտրոն առողջապահությունն է, երկրորդ հայեցակետը մասնակցային կառավարումն է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշումների որակը և լեգիտիմությունը բարձրացնելու համար կարևոր է շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը:
«Առողջապահական քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացում պետք է ներգրավված լինեն ոչ միայն պետական մարմինները, այլև համայնքային տարբեր մասնագետներ, բուժաշխատողներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունը:
Մասնակցային կառավարումն առողջապահության ոլորտում դիտարկվում է որպես արդյունավետ կառավարման գործիք, ոչ թե ձևական պահանջ»,- ասել է Օհանյանը:
Երրորդ հայեցակետը, ըստ Վանիկ Օհանյանի, արդյունավետ քաղաքականությունն ու համարժեք կառավարումն է, քանի որ կարծում է՝ առողջապահության ոլորտում հաջողությունը պայմանավորված է այն հանգամանքով, թե ինչքան արդյունավետ է ձևավորվում պետական քաղաքականությունը, և թե ինչքանով է համարժեք գործում կառավարման համակարգը:
![]()