![]()
Ըստ պաշտոնական տվյալների՝ ունենք անհայտ կորած 195 անձ, որից 175-ը՝ զինծառայող, մյուսները՝ խաղաղ բնակիչ: Այդ մասին Ազգային ժողովի՝ մարտի 3-ի նիստին ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Ինչ վերաբերում է նույնականացված դիակներին, ապա 75-80 դիակների դեպքում է, որ նույնականացման արդյունքներն ընտանիքի անդամների կողմից չեն ընդունվել:
«Պետք է նշեմ, որ կրկնակի փորձաքննություններ են իրականացվել, ընդ որում՝ հատուկ փորձագիտական գիտելիքներով օժտված անձանց կողմից և հատուկ միջոցներով, այսինքն՝ փորձագետներն ամեն դեպքում վստահեցնում են, որ նույնականացումը ճիշտ է իրականացվել»,- ասաց նա:
Նախարարն անդրադարձավ նաև այն պնդմանը, թե պետությունն աջակցություն չի ցուցաբերում անհայտ կորածների ընտանիքներին:
«Դա բացարձակ չի համապատասխանում իրականությանը, որովհետև անհայտ կորածների ընտանիքներն ամեն ամիս Կառավարությունից ստանում են պետական աջակցություն, ընդ որում՝ այդ աջակցությունը կրում է և՛ ֆինանսական, և՛ սոցիալական նշանակություն:
Աջակցության ձևերին կարող եք ծանոթանալ՝ ուսումնասիրելով Կառավարության համապատասխան որոշումը. խոսքը 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001 Լ որոշման մասին է: Խնդրում եմ ծանոթացեք այդ որոշմանը, որտեղ մանրամասն նկարագրված է ֆինանսական և սոցիալական այն աջակցությունը, որը տրամադրվում է անհայտ կորածների ընտանիքներին»,- ասաց նա:
![]()