![]()
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ թեև շատ է խոսվել այդ մասին, բայց մեկ անգամ էլ արժե շեշտել։
«Հավաքական ընդդիմության ամենամեծ ձախողումն այն է, որ նրանք անդադար մեղադրում են մեզ իրար հակասող երևույթների համար։
Մեկ մեղադրում են պատերազմ հրահրելու, մեկ՝ Ղարաբաղը «տալու» համար, թեև Ղարաբաղի շուրջ բանակցությունները միշտ «տալու» մասին են եղել։
Մեկ մեղադրում են կրթական համակարգը քանդելու, մեկ՝ դպրոցներ կառուցելու համար։
Մեկ մեղադրում են առողջապահությունը քանդելու, մեկ՝ առողջության ապահովագրություն ներդնելու համար։
Մեկ մեղադրում են կենսաթոշակները չբարձրացնելու, մեկ՝ բարձրացնելու համար։
Մեկ մեղադրում են դաշնակիցներ չունենալու, մեկ՝ դաշնակիցներ ձեռք բերելու համար։
Մեկ մեղադրում են մեր սահմանները վատ պաշտպանելու, մեկ՝ բանակը արդիականացնելու և դրա համար գումար չխնայելու համար։
Ժամանակին մեղադրում էին խաղաղության բացակայության, հիմա խաղաղություն բերելու համար։
Եվ այսպես շարունակ։ Իսկ գիտե՞ք, թե ինչու։
Որովհետև սեփական միտք և օրակարգ չունեն։ Նրանց գաղափարական ամենամեծ թռիչքը մեր ցանկացած գործողության հակադրվելն է, բառիս բուն իմաստով ցանկացած գործողության՝ տրամաբանության և ողջամտության բոլոր սահմանները հատելով։
Իսկ նման վարքագիծը կարող է ունենալ ընդամենը մեկ ելք՝ վախճան»,- գրել է Թորոսյանը:
![]()