![]()
Երկշաբաթյա ժամկետ ենք խնդրել «Վեոլիա Ջրի» հետ աշխատելու և վերանայելու ժամանակացույցը: Այդ մասին Ազգային ժողովի՝ մարտի 3-ի նիստին ասաց Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը՝ արձագանքելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին, թե երևանցիների և «Վեոլիա Ջրի» հարաբերություններն ինչպես լուծվեցին:
«Մեր նախնական գնահատականն այն է, որ պոտենցիալ ունենք ժամանակացույցը բարելավելու, լավարկելու: Մեր գնահատականը հիմնված է երկու հիմնական գործոնների վրա: Առաջինը պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրերն են, որոնք ընթացիկ են, դրանք իրականացնում ենք, բայց նոր թափ ենք հաղորդելու և դրանց արդյունքում ունենալու ենք խնայված ջուր՝ բավականին մեծ ծավալների: Խոսքը վերաբերում է թե՛ Երևանին, թե՛ մարզերին:
Երկրորդը՝ ունենք հայտնաբերված նոր ջրաղբյուրներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ տանում էինք նախքան այս ժամանակացույցը: Խնդրում եմ չկապել մեկը մյուսի հետ: Ուղղակի որոշում կայացվեց լրացուցիչ ռեսուրսներ ներդնելու և այդ ջրաղբյուրներից ջուրը Երևան հասցնելու ավելի արագացված ռեժիմով»,- ասաց նա:
Պատգամավորը նկատեց՝ այսօր ևս Երևանի մի շարք հասցեներում գիշերը ջուր չի լինում, Ջրային կոմիտեի նախագահը արձագանքեց. «Հիմքեր ունենք մտածելու, որ հայտարարված 7-ժամյա անջատումը կարող ենք կրճատել մինչև 3-4 ժամի: Ջրանջատումներ լինելու են, որովհետև ամառվա պիկ ամիսներին մենք կարիք ունենք գիշերային ջրանջատումների, որպեսզի ջրավազանները լցվեն, և ցերեկային ժամերին այդ ջրավազանի ջուրն օգտագործվի: Բայց 7 ժամի փոխարեն կունենանք 3-4 ժամ»:
Արամազդ Ղալամքարյանն անդրադարձավ նաև ջրային կորուստներին՝ տեղեկացնելով, որ ոռոգման համակարգում դրանք գնահատվում են մոտ 46-50 տոկոսի շրջանում: Իսկ ինչ վերաբերում է ջրամատակարարման ենթակառուցվածքներին առնչվող՝ «Վեոլիա Ջրի» ստանձնած պարտավորություններին, ըստ Ղալամքարյանի՝ ընկերությունը ստանձնել է 80 տոկոս հայտարարված կորուստներով, սակայն այն իջեցրել է մինչև 55-60 տոկոսի:
«Ուզում եմ նշել, որ «Վեոլիա Ջուրը» և Կառավարությունը վերջին երկու տարում 22 մլրդ դոլարի ներդրում են անում ենթակառուցվածքներում»,- ասաց նա:
Ավելի ուշ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել էր, որ Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի։
![]()