Կարծում եմ՝ ամենալավը և ամենաերաշխավորվածն այսօր զինվորական մասնագիտությունն է. Սուրեն Պապիկյան

Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան: Խորհրդարանը քննարկում է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ օրենքի նախագծով վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը, «Պաշտպան հայրենյաց» ծրագրով զինծառայողներն ատեստավորված են համարվելու ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքով՝ պայմանով, որ զինծառայողը նշանակվել է ստացված զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնում, իսկ ՀՀ ռազմաուսումնական հաստատություններն ավարտած և համապատասխան սպայական պաշտոնին նշանակված զինծառայողներն ատեստավորված են համարվելու ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով:

«Երկու դեպքում էլ հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնին նշանակման օրվանից»,- տեղեկացրել է նախարարը:

Նա տեղեկացրել է, որ օրենքի նախագծի վերաբերյալ առաջին ընթերցման շրջանակներում ԱԺ պատգամավորների կողմից առաջարկություններ չեն ներկայացվել, և Կառավարության նախաձեռնությամբ փոփոխություններ չեն եղել:

Նախարարն առանձնացրել է մի հատված՝ ներկայացված օրենքի նախագծից, որը վերաբերում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների այն հնարավորությանը, որ ավարտական քննությունները կարող են հանդիսանալ նաև ատեստավորման քննություն:

«Վերջին շրջանում մենք բազմիցս ներկայացրել ենք, թե ինչ փոփոխություններ են իրականացվել Ռազմական ակադեմիայում, և ինչ հնարավորություններ են ընձեռվել մեր կուրսանտներին և ապագա սպաներին: Ես ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ 4-ամյա կրթությունից հետո, երբ ավարտում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան, մեր սպաները ստանում են բնակարան, որի արժեքը այսօրվա գներով 35 մլն դրամ է: Այսինքն՝ մենք նրանց տրամադրում ենք սերտիֆիկատ, որի միջոցով նրանք կարողանում են կատարել այդ գնումը Երևանում կամ ՀՀ որևէ հատվածում: Իհարկե, սա ենթադրում է, որ 20-ամյա պայմանագիրը պետք է ամբողջությամբ իրացվի: Բայց ես ուզում եմ նաև նշել, որ գերազանց առաջադիմություն ունեցող յուրաքանչյուր սպա, որն ավարտում է ակադեմիան, կարող է ստանալ 620 հազարից մինչև 750 հազար դրամ աշխատավարձ:

Հարցս հետևյալն է. ասեք մի մասնագիտություն, որ բուհը ավարտելուց հետո քաղաքացին կարող է անմիջապես վաստակել 620 հազարից մինչև 750 հազար դրամ աշխատավարձ, բնակարան: Այսինքն՝ մարդը 21-22 տարեկանում ունենում է սեփական բնակարան, բարձր աշխատավարձ, պետական բազմաթիվ երաշխիքներ:

Ընտրեք մասնագիտություն, որն ավելի լավն է: Կարծում եմ՝ ամենալավը և ամենաերաշխավորված մասնագիտությունը այսօր հենց զինվորական մասնագիտությունն է»,- ասաց Պապիկյանը:

Նա կոչ է արել պատանիներին ու նրանց ծնողներին՝ մտածել և կողմնորոշվել հօգուտ զինվորական ծառայության և սպայի պատվաբեր պաշտոնի ու դերի:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ