ԱՄՆ-ն մտադրություն չունի ներգրավվել նոր երկարատև հակամարտության մեջ. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի մտադրվում ներգրավվել տարիներ շարունակվող հակամարտության մեջ։

Նա նշել է, որ նախագահ Թրամփի միակ նպատակն է ապահովել, որ Իրանը «երբեք միջուկային զենք ձեռք չբերի»։

«Նախագահը չի ցանկանում միայն պաշտպանել երկիրը իրանական միջուկային զենքից իր երկրորդ ժամկետի առաջին երեք-չորս տարիների ընթացքում. նա ցանկանում է ապահովել, որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի, և դա պահանջում է հիմնարար փոփոխություն իրանական ռեժիմի մտածողության մեջ», — նշել է Վենսը։

Նա հավելել է, որ սա երկարատև ռազմական արշավ չէ։

«Դոնալդ Թրամփը բացարձակապես թույլ չի տա, որ երկիրը ներգրավվի բազմամյա հակամարտության մեջ… մենք չենք պատրաստվում ներքաշվել այն խնդիրների մեջ, որոնք մենք ունեցանք Իրաքի և Աֆղանստանի հետ», — ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը։

Ըստ Վենսի, Իրանի միջուկային օբյեկտները կառուցվում են ոչ միայն խաղաղ ուրանի հարստացման համար, ինչպես պնդում է ռեժիմը, այլև միջուկային զենքի մշակման համար։

Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածել են Իրանին: Թեհրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: Գործողությունը տեղի է ունեցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ձախողման ֆոնին։

Իսրայելա-ամերիկյան հարձակման հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ