![]()
Իսրայելա-ամերիկյան ռազմական գործողության ֆոնին Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցն ամբողջական փակելու, նեղուցով առևտուրը դադարեցնելու մասին:
«Թեհրանը թույլ չի տա, որ նավթի մի կաթիլ նույնիսկ դուրս գա այս տարածաշրջանից», — ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի խորհրդական Ջաբարին:
ISNA-ի փոխանցմամբ՝ Իրանի անունից Ջաբարին սպառնացել է, որ կայրեն ցանկացած նավ, որը կփորձի անցնել Հորմուզի նեղուցով:
Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով առևտուրը դադարեցնելու մասին իսրայելա-ամերիկյան ռազմական գործողության ֆոնին: Մարտի 2-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Athen Nova լցանավը հրդեհվել է նեղուցում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո:
Reuters-ը հաղորդում է, որ խոսքը, ըստ երևույթին, Հոնդուրասի դրոշի ներքո նավարկող Athe Nova նավի մասին է:
Նախկինում Բահրեյնի նավահանգստում հարձակման է ենթարկվել ԱՄՆ դրոշի ներքո նավարկող Stena Imperative լցանավը, որի հետևանքով հրդեհ է բռնկվել, հայտնել է գործակալությունը:
MKD VYOM նավթատար նավը նույնպես հարձակման է ենթարկվել Օմանի ափերի մոտ, սպանվել է անձնակազմի մեկ անդամ, տարհանվել են 21-ը, հաղորդում է Times of Oman-ը: Սա այս նավթատարի վրա կատարված երկրորդ հարձակումն է:
Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածել են Իրանին: Թեհրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: Գործողությունը տեղի է ունեցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ձախողման ֆոնին։
Իսրայելա-ամերիկյան հարձակման հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գործողությունը Իրանում կարող է տևել ավելի երկար, քան ԱՄՆ վարչակազմի կողմից նախապես գնահատված չորս-հինգ շաբաթը։
![]()