![]()
Հայաստանը հասել է մի հանգրվանի, երբ կարողանում է պաշտպանվել փոթորիկներից, կարկուտներից և բազում աշխարհաքաղաքական աղետներից:
Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Դիվանագետի օրվան նվիրված միջոցառման ժամանակ։
«Շատ կարևոր է, որ մենք, նաև դիվանագիտական ծառայությունը պաշտպանի այն ձեռքբերումները, որն այս տարիներին աշխատանքի, այդ թվում՝ ձեր աշխատանքի արդյունքում մենք ունեցել ենք: Շատ կարևոր է, որ գնահատենք այն խաղաղությունը, որը մենք ունենք: Շատ կարևոր է, որ մենք գնահատենք Հայաստանի շուրջ տեղի ունեցող ապաշրջափակումը, որը մենք ունենք։
Հայաստանի տնտեսական զարգացումն ավելին է, քան կանխատեսվում է՝ այդ թվում դիվանագիտական գործունեության հաշվին, կարևոր է այդ ձեռքբերումները պաշտպանել կարողանալը:
Կարծում եմ, որ մենք իսկապես հասել ենք մի հանգրվանի, երբ կարողանում ենք պաշտպանվել փոթորիկներից, կարկուտներից և բազում աշխարհաքաղաքական աղետներից: Բայց սա էլ մենք չպետք է ընդունենք որպես ինքնին հասանելի մի բան: Սա աշխատանքի արդյունք է, սա հետևողական և գիտակցված աշխատանքի արդյունք է։
Այսօր շատերին անհանգստացնում է այն, որ աշխարհում անհանգիստ է, Հայաստանի շուրջ և Հայաստանում կասկածելի հանգիստ է: Ես հասկանում եմ նաև անհանգստությունները, որովհետև դա ոչ սովորական իրավիճակ է: Դա մեզ համար սովորական վիճակ չէ, դա կարող է նաև օբյեկտիվ անհանգստություններ առաջացնել: Այն, ինչ մենք տեսնում ենք, իրականությանը համապատասխանում է, բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ դա երաշխավորված չէ: Եվ դրա շարունակականությունը պահանջում է ամենօրյա աշխատանք և առաջին հերթին մեր դիվանագիտական ծառայությունից ու դիվանագետներից»:
Ըստ վարչապետի, Հայաստանի դիվանագիտական ծառայությունն ունի այդ կարողությունները՝ իր և ՀՀ-ի ձեռքբերումները խնամելու, պաշտպանելու, պահպանելու ու զարգացնելու։
«Եթե որևէ նվաճում, որևէ ձեռքբերում հետագա զարգացում չի ստանում՝ ավելի մեծ և ավելի կարևոր մի բան դառնալու ուղղությամբ, անպայման կորցնում է իր ընթացիկ նշանակությունը: Եվ ես համոզված եմ, որ մենք այս տրամաբանությամբ էլ կշարժվենք առաջ՝ այն գիտակցությամբ, որ փոփոխվող աշխարհում մենք ինքներս պետք է փոխենք մեր մտահորիզոնի շրջանակն ու ծավալը, պետք է կարողանանք ավելի բարձրից նայել աշխարհին, իսկ ավելի բարձրից նայելու համար մենք պետք է կարողանանք բարձրանալ, իսկ բարձրանալու ճանապարհը կրթությունն է, շարունակական կրթությունը: Մեզնից որևէ մեկը չպետք է մտածի, որ ինքն արդեն գիտի ամեն ինչ»,- ասաց վարչապետը:
![]()