Իրանական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կատարի էներգետիկ օբյեկտների վրա

Իրանական անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են Կատարի էներգետիկ ենթակառուցվածքները։

Այս մասին հայտնել է Կատարի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ երկու իրանական անօդաչու թռչող սարք հարձակվել է երկրի էներգետիկ օբյեկտների վրա, որոնցից մեկը պատկանում է Qatar Energy նավթագազային ընկերությանը։

Զոհերի մասին տեղեկություններ չկան։

«Վնասները կգնահատվեն, որից հետո կարվեն պաշտոնական հայտարարություններ»,- նշել է Պաշտպանության նախարարությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը հարվածել էր Քուվեյթում ԱՄՆ դեսպանատանը:

Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածել են Իրանին: Թեհրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: Գործողությունը տեղի է ունեցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ձախողման ֆոնին։

Իսրայելա-ամերիկյան հարձակման հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:

Իրանի փոխնախագահը հայտնել է, որ Գերագույն առաջնորդի պարտականությունները ժամանակավորապես կկատարեն նախագահը, դատական իշխանության ղեկավարը և Սահմանադրության պահապանների խորհրդի անդամներից մեկը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է «ամենակատաղի հարձակողական գործողության» մեկնարկի մասին. ԱՄՆ նախագահը նախազգուշացրել է Իրանին՝ զերծ մնալ պատասխան հարվածներից:

Մերձավորարևելյան լարվածության ֆոնին Հայաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ առկա տվյալներով՝ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ