Վստահ կարող ենք պնդել, որ 2008 թվականի մարտի 1-ին ծնվածների քվեն Հայաստանում տեղ է հասնում․ Խանդանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը գրել է․

2008 թվականի մարտի 1-ին ծնված երեխաներն այս տարի առաջին անգամ ընտրելու են: Եվ բնական է, որ այս երիտասարդների կյանքում 2008 թվականի մարտի 1-ը չի թողել այն խորը հետքը, որ թողեց մեր սերնդի վրա, որն էլ այն ժամանակ էր առաջին անգամ քվեարկում: Հետք և հիշողություն, որը 10 տարի շարունակ մեզ դուրս բերեց փողոց` պայքարելու հանուն ժողովրդավարության, հանուն ազատության, հանուն Հայաստանի անկախության:

Եվ այսօր, 2026 թվականի մարտի 1-ին մենք վստահ կարող ենք պնդել, որ 2008 թվականի մարտի 1-ին ծնվածների ձայնը և քվեն Հայաստանում տեղ է հասնում, որ 2008 թվականի մարտի 1-ին ծնվածներն իրենց իրավունքները պաշտպանելիս չեն վախենում իրենց կյանքի համար, և որ 2008 թվականի մարտի 1-ին ծնվածները բանակ են գնում խաղաղության պայմաններում և գիտեն, որ որևէ մեկը իրենց չի կարող հանել ժողովրդի դեմ:

Հայաստանում այլևս երբեք «2008 թվականի մարտի մեկեր» չեն կրկնվելու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ