![]()
Տավուշի մարզի համայքններից մեկում ՀՀ վարչապետին է մոտեցել մի քաղաքացի ու հայտարարել, թե իր աղջկան չեն նշանակել մանկապարտեզի տնօրեն, խնդրել է վարչապետին՝ լուծել այդ հարցն ու հավելել, թե իր աղջիկը պետք է ղեկավարի մանկապարտեզը, 13 տարվա ստաժ ունի:
Այս երկխոսությունը զայրացրել է ՀՀ վարչապետին, վերջինս հայտարարել է, թե ինքը մանկապարտեզի տնօրեն նշանակելու հարցերով չի զբաղվում:
Քաղաքացին պնդել է, թե իր աղջկանից գոհ է եղել կոլեկտիվը, սակայն այլ մարդ է նշանակվել տնօրենի պաշտոնում
«Ո՞վ ասեց, որ եթե մարդը 13 տարվա ստաժ ունի, անփոխարինելի մասնագետ է: Վարչապետը ձեզ համար մանկապարտեզի տնօրեն նշանակող չէ, Գանձաքարում 2 մլրդ արժեքով դպրոց ենք սարքել, լիքը ծրագրեր ենք իրականացրել: Եթե էսպես է, ուրեմն էս մարդու աղջիկը չպետք է նշանակվի մանկապարտեզի տնօրեն: Դա վարչապետի գործառույթը չէ, բայց որ հարցը հասել է սրան, ասում եմ՝ էս մարդու աղջիկը չպետք է նշանակվի տնօրեն: Գոնե կոլեկտիվից մի քանի հոգի մոտենար, ասեր, ոչ թե հայրը»,- զայրացել է վարչապետն ու հավելել, թե անձնական խնդիրներով մոտենալ, անձնական հարցեր բարձրացնել պետք չէ:
Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, փետրվարի 28-ին մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի ձևավորման համար անցկացվող ներկուսակցական քարոզարշավը։
Նախապես տեղի ունեցած քվեարկության արդյունքում առավելագույն ձայն ստացած թեկնածուները վարչապետի գլխավորությամբ ուղևորվում են մարզեր, հանդիպում քաղաքացիների հետ:
Այսօր ՔՊ թիմն ուղևորվել է Տավուշ և Լոռի. վարչապետը տեսանյութեր է հրապարակել Դիլիջանից, մարզկենտրոն Իջևանից, նաև հայտնել, որ կանգառ են ունեցել Ոսկեպարի եկեղեցում:
Վերջին տեսանյութում ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ հասել են Նոյեմբերյան:
![]()