![]()
Հռոմի պապ Լևոն XIV-ը երկրներին կոչ է արել հիշել խաղաղության հասնելու իրենց բարոյական պատասխանատվության մասին՝ Մերձավոր Արևելքում Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածներից հետո բռնության սրման ֆոնին, հայտնում է Vatican News-ը։
Կիրակի օրը «Հրեշտակ Տեառն» աղոթքի ժամանակ ելույթ ունենալիս քահանայապետը «խորը մտահոգություն» է հայտնել Մերձավոր Արևելքում և Իրանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ։
«Կայունությունն ու խաղաղությունը չեն կառուցվում փոխադարձ սպառնալիքների վրա և չեն ստեղծվում զենքով, որը սփռում է ավերածություններ, տառապանք և մահ, այլ միայն խելամիտ, անկեղծ և պատասխանատու երկխոսության միջոցով», — ասել է նա։
Հռոմի պապը նախազգուշացրել է հսկայական ողբերգության մասին, եթե բռնությունը դուրս գա վերահսկողությունից։ «Տեսնելով հսկայական մասշտաբների ողբերգության հավանականությունը՝ ես կողմերին անկեղծ կոչ եմ անում ստանձնել բարոյական պատասխանատվություն և կանգնեցնել բռնության պարույրը, նախքան այն կվերածվի անուղղելի անդունդի», — ավելացրել է նա։
![]()