Լավրովն Արաղչիի հետ հեռախոսազրույցում դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հարձակումը Իրանի վրա

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։

«Սերգեյ Լավրովը դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա չհրահրված զինված հարձակումը, որը խախտում է միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը և լիովին անտեսում է տարածաշրջանային և համաշխարհային կայունության ու անվտանգության համար ծանր հետևանքները: ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է Իսլամական Հանրապետության դեմ հարձակումները անհապաղ դադարեցնելու և իրավիճակը քաղաքական ու դիվանագիտական կարգավորման վերադարձնելու անհրաժեշտությունը»,- ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Լավրովը նաև նշել է Ռուսաստանի պատրաստակամությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, նպաստելու միջազգային իրավունքի, փոխադարձ հարգանքի և շահերի հավասարակշռության վրա հիմնված խաղաղ լուծումների որոնմանը։

Իր հերթին, իրանցի նախարարը զեկուցել է Իրանի ղեկավարության կողմից ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան հետ մղելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին, որը կրկին խաթարել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման բանակցությունները։

«Նա հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ գումարելու ծրագրերի մասին»,- նշել է դիվանագիտական գերատեսչությունը։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թեհրանի նախաձեռնությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ