Գիտության ոլորտի ֆինանսավորումը Հայաստանում աճել է գրեթե 3 անգամ. Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում ներկայացրել է գիտության ոլորտում վերջին տարիներին արձանագրված էական փոփոխությունները։ Ըստ վարչապետի՝ 2025 թվականին, 2017-ի համեմատ, գիտության ոլորտի ֆինանսավորումն աճել է շուրջ 180%-ով։ Եթե 2017 թվականին ոլորտին հատկացվում էր 14.3 միլիարդ դրամ, ապա 2025-ին այդ թիվը հասել է 40.2 միլիարդ դրամի։

Վարչապետը մանրամասն թվեր է հրապարակել գիտաշխատողների աշխատավարձերի վերաբերյալ՝ ընդգծելով, որ դրանք որոշ դեպքերում նույնիսկ քառապատկվել են։

Մասնավորապես, գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը 138,000 դրամից դարձել է 552,000 դրամ, իսկ առաջատար գիտաշխատողինը՝ 114,000 դրամից հասել է 443,000 դրամի։ Ավագ գիտաշխատողի վարձատրությունը 99,000 դրամից դարձել է 343,000 դրամ, իսկ գիտաշխատողինը եռապատկվել է՝ 90,000-ից հասնելով 276,000 դրամի։

Զգալի աճ է գրանցվել նաև կրտսեր օղակներում. կրտսեր գիտաշխատողի աշխատավարձը 85,000 դրամից դարձել է 210,000 դրամ, ավագ լաբորանտինը՝ 76,000-ից հասել է 179,000 դրամի, իսկ լաբորանտի կամ ճարտարագետի աշխատավարձը կրկնապատկվել է՝ 67,000-ից դառնալով 138,000 դրամ։

Բացի այդ, գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը 141,000 դրամից դարձել է 477,000 դրամ, իսկ գիտական խմբի ղեկավարինը՝ 129,000 դրամից հասել է 410,000 դրամի։

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ ֆինանսավորման աճն ուղղվել է ոչ միայն աշխատավարձերին, այլև տեխնիկական վերազինմանը։ 2021-ից 2025 թվականների ընթացքում շուրջ 20 միլիարդ դրամ է տրամադրվել գիտական սարքեր և սարքավորումներ ձեռք բերելու համար։

Որպես ոլորտի կարևորագույն ձեռքբերում՝ վարչապետը նշել է Երևանի պետական համալսարանում ստեղծված Արհեստական բանականության կենտրոնը։ Պետական բյուջեի միջոցներով ձեռք է բերվել սուպերհամակարգիչ, որի արժեքը կազմել է շուրջ 3.7 միլիարդ դրամ։

«Սրանք այն ամենաերևացող աշխատանքներն էին, որոնք տեղի են ունեցել գիտության ոլորտում։ Համոզված եմ, որ շատերդ պարզապես չգիտեիք սրա մասին, քանի որ քչերն են խոսում այս ձեռքբերումներից»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կառավարությունը հետևողականորեն շարունակելու է կիսվել նման տեղեկատվությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ