![]()
«X» (Twitter) սոցիալական հարթակում դարձյալ հայաստանյան քաղաքական դաշտը թիրախավորող կեղծ տեղեկություններ են տարածվում։ Այս մասին գրել է Փաստերի ստուգման հարթակը (FIP):
Առաջին հայացքից բոտային հաշիվը հրապարակել է մի տեսանյութ, որի վրա ֆրանսիական հայտնի պարբերականի անունն է՝ «Le Point», իսկ դրա ենթագրերում նշվում է, թե իբրև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների 70 տոկոսը դիմել է Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու համար։
«Սա Ֆրանսիայի ուղիղ միջամտությունն է Հայաստանի քաղաքական կյանքին։ Նույն իրավիճակը եղել է նաև Մոլդովայում խորհրդարանական ընտրություններից առաջ»,- կարդում ենք այդ տեսանյութի ենթագրերում։ Տեսանյութը «X»-ում լայն տարածում էր գտել։
![]()
Ֆրանսիայի քաղաքացիության համար դիմելու մասին
ՔՊ կուսակցության անդամների 70 տոկոսի՝ Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու համար դիմելու մասին տեղեկություն չկա, այդ մասին հայաստանյան քաղաքական դաշտում նույնիսկ խոսակցություն չի եղել, որևէ աղբյուր այդ մասին չի գրել։
Ի դեպ, Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալն այդքան հեշտ բան չէ․ դա բարդ ու երկարատև գործընթաց է, որը պահանջում է երկար տարիների բնակություն Ֆրանսիայում և հատուկ պայմաններ։ Միանգամից հարյուրավոր պաշտոնյաների քաղաքացիություն տալը տեխնիկապես և քաղաքականապես անհնար է։ Բացի այդ՝ «Le Point»-ի կայքում նման տեղեկություն կամ այդ մասին հոդված գոյություն չունի։
Ֆրանսիական հայտնի պարբերականը՝ սուտ տարածելու գործիք
Տեսանյութի վրա նշված լոգոն ֆրանսիական հայտնի լրատվամիջոցի անվանումն է՝ «Le Point»։ Այն քաղաքական և հասարակական շաբաթաթերթ է, որը համարվում է Ֆրանսիայի երեք խոշորագույն լրատվական ամսագրերից մեկը։
![]()
«X»-ում տեղադրված տեսանյութը երբ ավարտվում է, որպես դրա հեղինակ նշվում է երկու անուն՝ Բորիս Հանսել և Պիեռ Լե Մուելիկ (Pierre Le Mouellic)։ Այս մարդիկ իրական են, գոյություն ունեն, սակայն քաղաքական լրագրության հետ կապ չունեն։ Բորիս Հանսելը ֆրանսիացի հայտնի պրոֆեսոր է և «Le Point»-ի համար գրում է բացառապես առողջապահական և գիտական թեմաներով։ Նրա յութուբյան վերջին ուղերձներից մեկը ծխելը թողնելու հետևանքով քաշի ավելացման թեմային է վերաբերում։
Ինչ վերաբերում է Պիեռ Լե Մուելիկին, ապա վերջինս տեսանյութերի մոնտաժող է։ Նրա անունը հայտնվում է Բորիս Հանսելի իրական տեսաուղերձների վերջին հատվածում որպես մոնտաժի հեղինակ։
Փաստացի կեղծ տեսանյութի հեղինակները վերցրել են «Le Point»-ի առողջապահական հոլովակներից մեկի վերջնամասը և այն կցել են քաղաքական բովանդակությամբ տեսանյութին՝ «X»-ում տարածվող կեղծ տեսանյութին վստահություն հաղորդելու համար։
Ի դեպ, «Le Point»-ը հաճախ է եղել նման ապատեղեկատվական արշավների գործիք․ որոշ ժամանակ առաջ էլ այս լրատվամիջոցի լոգոյով տեղեկություն է տարածվել, թե իբրև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի երգիծանկարները հայտնվել են շենքերի վրա։ Այդ տեղեկությունը, սակայն, ֆրանսիացի փաստեր ստուգողները հերքել էին։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
![]()