![]()
Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտում երևացող երեք բևեռները՝ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ-ն, Սամվել Կարապետյանը՝ իր «Ուժեղ Հայաստան»-ով, Գագիկ Ծառուկյանը՝ իր «Նոյյան Տապանով», ռուսամետ բևեռներ են, սակայն նաև իրարից շատ տարբեր, և անհավանական է այս երեքի միավորումը խորհրդարանի մակարդակում՝ իրագործելու «Գյումրի 2» սցենարը։ Civic.am-ի հետ զրույցում նման կանխատեսում արեց ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ հավելելով. «Չեմ կարծում, որ իրերի նման դասավորության պարագայում ունենք մի իրավիճակ, երբ այս երեքը կարող են միավորվել ու վարչապետի միասնական թեկնածու առաջադրել։ Ավելին ասեմ՝ ես վստահ եմ, որ իրենք չեն միանալու։ Եթե նույնիսկ տարբերակ լինի, որ իրենց ձայների հանրագումարով կարողանան վարչապետի միասնական թեկնածու առաջադրել, իրենք չեն միավորվելու»։ Ճշտմանը՝ ի՞նչը կխանգարի, ամբիցիաների՞ խնդիր ունեն, Նազարյանը պարզաբանեց՝ «ամեն ինչն էլ կխանգարի, խորհրդարան անցնելու դեպքում իրենք լինելու են երեք քաղաքական տարբեր ուժեր, մոտավորապես այնպես, ինչպես գործող խորհրդարանի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները»։
Անդրադառնալով Սամվել Կարապետյանին վարչապետ դարձնելու, այսպես ասած, «ճանապարհային քարտեզին», որի մասին ազդարարել է գործարարի եղբորորդի Նարեկ Կարապետյանը, Գեղամ Նազարյանը վերհիշեց Յարոսլավ Հաշեկի հայտնի հերոսին՝ Շվեյկին, որն ասում էր՝ «եթե մորաքույրս տղամարդ լիներ, ես նրան քեռի կասեի»։ «Ասում են՝ էս պիտի անենք, էն պիտի անենք․․․ սա լուրջ խոսակցություն չէ։ Այնպես որ, ես ավելի մեծ սիրով կանդրադառնամ երկրորդ դասարանցու շարադրությանը, քան Նարեկ Կարապետյանի ասածներին, շարադրությունն ավելի հետաքրքիր կլինի վերլուծել։ Նարեկ Կարապետյանը հենց սկզբից անհետաքրքիր կերպար է և՛ քաղաքականության համար, և՛ հոգեբանության։ Ձեզ հուշում անեմ՝ դուք իրենց մասին չէիք խոսի, եթե իրենք մեծ գումարներ չծախսեին ու իրենց նյութերով չողողեին «Ֆեյսբուքը», «Տիկտոկը» և սոցիալական մյուս հարթակները։ Դուք իրենց մասին հարց եք տալիս ոչ թե այն պատճառով, որ ժողովրդի մոտ իրենց հանդեպ հետաքրքրություն կա, կամ ունեն հանրային մեծ աջակցություն, այլ՝ քանի որ դուք դառնում եք համացանցի զոհ»։ Իրականությունը, մինչդեռ, բոլորովին այլ է, իրականում նրանք, ըստ Նազարյանի, փորձում են և փորձելու են շատ փող ծախսելու միջոցով ինչ-որ ձայներ ստանալ։ «Իրենք նույնիսկ շատ հեռու են Ռոբերտ Քոչարյան+ՀՅԴ միավորումից՝ քաղաքական, կառավարման փորձ, անցած ճանապարհ ունենալու առումով»,- նկատեց պատգամավորը՝ հիշեցնելով, որ այն ընթացքում, երբ ՀՀ-ում քաղաքական պրոցեսը եռում էր, Կարապետյանները ՌԴ-ում իրենց բիզնեսներն էին ծաղկեցնում, իսկ երբ Ղարաբաղում պատերազմ էր, Սամվել Կարապետյանը ՌԴ-ից, որպես երրորդ կողմ, «կողմերին» կոչ էր անում դադարեցնել մարտական գործողություններն ու նստել բանակցությունների սեղանի շուրջ։ «Ու հիմա այդ ուժը հավակնում է գալ Հայաստան, քաղաքականություն մտնել ու ձայն ստանա՞լ»,- հեգնեց մեր զրուցակիցը՝ հավելելով. «Ես զարմանում եմ՝ այսքանից հետո իրենք ի՞նչ երես ունեն նման հավակնություններ ունենալու համար։ Նաև ամենօրյա հոգեբանական ճնշում են ուզում բանեցնել, թե՝ (ուժեղ Հայաստանին-խմբ.) մնաց այսքան օր»։
Գեղամ Նազարյանի հետ զրուցել ենք նաև ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական ուժերի նախընտրական ենթադրյալ օրակարգերի, թոշակների բարձրացման մասին ՀՀ վարչապետի հայտարարությունից հետո ընդդիմադիր դաշտում ի հայտ եկած «թոշակացավի» և այլ թեմաներից։ Զրույցի ուշագրավ մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինե Մանուկյան
![]()