«Իմ քայլը» հիմնադրամը կարևոր հայտարարություն է տարածել

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը բազմաթիվ զանգեր և նամակներ է ստանում սրտացավ գործընկերներից, նվիրատուներից և շահառուներից՝ տեղեկացվելով, որ հիմնադրամի աշխատակիցներից մեկի անունից տարածվում է տարօրինակ բովանդակությամբ էլեկտրոնային նամակ (բովանդակությունը՝ ստորև):

Այս մասին հաղորդագրություն է տարածել հիմնադրամը, որում ասվում է․

«Տեղեկացնում ենք, որ տարածվող նամակը, որը ուղարկվում է իբրև հիմնադրամի աշխատակից Զարինե Հարությունյանի անունից, բացարձակապես կեղծ է և որևէ առնչություն չունի նրա հետ:

Պարզվել է, որ անհայտ անձինք փետրվարի 18-ին գրանցել են «projects-mystep.foundation» դոմեյնը և այդ դոմեյնի միջոցով համակարգված կերպով ուղարկում են ապատեղեկատվական նամակներ՝ փորձելով մոլորեցնել հանրությանը և վնասել հիմնադրամի ու գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հեղինակությունը։

Տեղեկատվական բաց հարթակներից տեղեկանում ենք (լուսանկարները՝ ստորև), որ տվյալներն այդ դոմեյնի մասին ամբողջությամբ փակ են, իսկ էլեկտրոնային փոստի հասցեն կամ հասցեները, որոնք բացվել են այդ դոմեյնով, արդեն ապաակտիվացված են:

Քանի որ նամակում նշված տեղեկատվությունը հիմնադրամի և գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի մասին ամբողջությամբ սուտ է, մենք սա գնահատում ենք որպես նպատակային կեղծարարություն և հիբրիդային տեղեկատվական հարձակում՝ ուղղված հիմնադրամի լայնածավալ բարեգործական թափանցիկ գործունեության և վստահության դեմ։

Հիմնադրամի 6 տարվա աշխատակից Զարինե Հարությունյանը, որի անունը շահարկվել է այս գործողություններում պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին՝ օգնելու բացահատել իր անվան ապօրինի օգտագործմամբ զանգվածային ապատեղեկատվության տարածող անձանց:

Հորդորում ենք մեր սիրելի հայրենակիցներին, բոլոր գործընկերներին, նվիրատուներին, շահառուներին և հանրության ներկայացուցիչներին` եթե ստանաք նմանատիպ նամակներ նույն կամ մեր այլ աշխատակիցների անուններից, չարձագանքել դրանց, չտարածել բովանդակությունը և անհապաղ տեղեկացնել հիմնադրամին պաշտոնական կապի միջոցներով։

Վստահեցնում ենք, որ «Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական հաղորդակցությունն իրականացվում է միայն հիմնադրամի պաշտոնական հարթակներից և հաստատված էլեկտրոնային հասցեներից։

Տվյալ դեպքի վերաբերյալ արդեն ձեռնարկվում են անհրաժեշտ իրավական քայլեր։ Շնորհակալ ենք մեր գործունության հանդեպ բարձր վստահության և հավատի համար: Այն մեզ համար խթան է` շարունակելու մեր հանրօգուտ գործունեությունը:

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամ

Նամակի բովանդակությունը`

Հարգելի Հայաստանի քաղաքացիներ,

Ես՝ Զարինե Հարությունյանըս՝ «Իմ քայլ» հիմնադրամի նախագծի ղեկավարի օգնական, ուզում եմ հայտարարել հիմնադրամում դրամական միջոցների հափշտակման մասին: Աշխատանքի ընթացքում ես բազմաթիվ դրամական խարդախությունների վկա եմ եղել:

Ինչպես շատերին հայտնի է, Աննա Հակոբյանին արդեն ոչ թե մի անգամ մեղադրել են դրամական միջոցների հափշտակման մեջ: Այդ մեղադրանքները համապատասխանում են իրականությանը, և ես պատրաստ եմ հաստատել դրանք:

Ինձ հաջողվել է պարզել, որ վերջին տարիների ընթացքում Աննան հանել է ավելի քան 4 միլիոն դոլար նվիրատվություն:

Ես չեմ կարող անտարբեր նստել և լուռ հետևել կատարվողին: Ինձ ցավում է տեսնել, թե ինչպես են հայ ժողովրդին ամենաթող ձևով խաբում:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեում արդեն ներկայացված է դիմում: Հենց այդ պատճառով էլ ես հիմա չեմ կարող տարածել Ա. Հակոբյանի խարդախություններին առնչվող ապացույցող փաստաթղթերը:

Հափշտակումը հաստատող ապացույցներն արդեն ուղարկվել են Քննչական կոմիտե: Նաև փաստաթղթերն ուղարկվել են բոլոր համապատասխան մարմիններին, մասնավորապես՝ Transparency International-ին:

Ես անկեղծորեն հավատում եմ, որ արդարությունը կհաղթի, և ողջ ճշմարտությունը կբացահայտվի:

Իմ կողմից կարող եմ խոստանալ, որ կանեմ ամեն ինչ, որպեսզի Աննա Հակոբյանի կողմիցդրամական խարդախության ապացույցները մոտ ժամանակներս հրապարակվեն հանրային հասանելիության մեջ:

Հարգանքով՝ «Իմ քայլ» հիմնադրամի նախագծի ղեկավարի օգնական Զարինե Հարությունյան»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ