Բարձր ճնշում՝ 4-5 տարեկանից. ինչու է երիտասարդացել այս խնդիրը և որտեղ փնտրել պատճառները. բժշկի դիտարկումները

«Երեխան ճնշում ունի»,- այս արտահայտությունը,գուցե,ժամանակ առաջ լսելն անսովոր լիներ, բայց հիմա զարկերակային բարձր ճնշմանը բախվում են նաև երեխաները:

«Հիմա այս խնդիրը երիտասարդացել է, խոսքը ոչ միայն դեռահասների մասին է, այլ՝ երեխաների՝ սկսած 4-5 տարեկանից: Մինչև 18 տարեկանների շրջանում զարկերակային բարձր ճնշման խնդիր կա տղաների 6,5 տոկոսի մոտ, աղջիկների՝ 5,8 տոկոսի: Ընդ որում,տոկոսային հարաբերությունը գնալով մեծանում է»,- Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Էնդոկրինոլոգիայի կլինիկայի և Մանկական էնդոկրին դիսպանսերային ծառայության բժիշկ Կարինե Ալեքսանյանը:

Մասնագետը բացատրեց, որ տղաների դեպքում խնդիրն առավել տարածված է, քանի որ հենց նրանց շրջանում է առավել նկատվում ավելորդ քաշ ու ճարպակալումը, ինչն էլ պարարտ հող է ստեղծում ու «առյուծի բաժին» ունի զարկերակային գերճնշման ի հայտ գալու համար: Բայց այլ պատճառներ էլ կարող են լինել՝ էնդոկրին, աճի հորմոնի հետ կապված խնդիրներ, մակերիկամի, երիկամային, սիրտ-անոթային հիվանդություններ:

Իսկ ավելորդ քաշն ու ճարպակալումը, բժիշկ Ալեքսանյանի խոսքով, կենցաղավարության, ապրելակերպի, ֆիզիկական ակտիվության բացակայության, քաղցր, ոչ օգտակար սնունդ ընդունելու հետևանք է: Այս շարքին պետք է գումարել նաև գաջեթների առաջ շատ ժամանակ անցկացնելը, սթրեսակայուն չլինելը, էմոցիոնալ խնդիրները:

Կան որոշակի գանգատներ, որոնք ծնողին կարող են հուշել այս խնդրի մասին.«Գլխացավեր, գլխապտույտներ, կարմրություն, տեսողության վատթարացում, թուլություն, հոգնածություն: Բայց սրանք ոչ սպեցեֆիկ գանգատներ են, կարող են հայտնաբերվել բազմաթիվ խնդիրների, հիվանդությունների դեպքում, այսինքն՝ միայն մասնագետը կարող է հասկանալ պատճառը»:

Բժշկի խոսքով՝ տանը երեխայի ճնշումը չափելը կարող է շատ խաբուսիկ լինել, քանի որ փոքր տարիքում զարկերակային ճնշման վերին սահմանի որոշումը կախված է սեռից, տարիքից, հասակից և այլ գործոններից.«140 սմ հասակով անձի համար վերին սահմանը կարող լինել 110-ը, 70-ը հասակ ունեցողի համար 90-ը. խիստ անհատական է: Իհարկե, եթե տեսնենք, որ ճնշման թիվը 140 և բարձր է, դա հստակ բարձր ճնշում է, առավել ևս՝ երեխայի դեպքում» :

Բժիշկը զգուշացրեց՝ բարձր ճնշումը լոկ թիվ չէ, այն հստակ ազդանշան է՝ օրգանիզմում ինչ-որ բան այն չէ.«Այն ազդում է հնարավոր բոլոր օրգան-համակարգերի վրա՝ սրտանոթայինից մինչև սեռական, կարող են ի հայտ գալ բարդություններ, որոնք հետագայում բուժելը շատ ավելի դժվար կլինի, հետևաբար անհրաժեշտ է ապահովել առաջնային կանխարգելում: Նախ պետք է բուժել առաջացման պատճառը, ինչին զուգընթաց կարգավորվում է նաև զարկերակային բարձր ճնշումը: Ընթացքում բարձր ճնշման արձանագրման դեպքում իրականացվում են էտապային իջեցումներ»,- ասաց նա ու նկատեց, որ փոքր տարիքում այս խնդրի ի հայտ գալը կարմիր դրոշակ է, որ արդեն մեծ տարիքում էլ խնդիրը կարող է գլուխ բարձրացնել:

«Փոքր տարիքում զարկերակային գերճնշման ի հայտ գալու հարցում կարող է դեր խաղալ նաև ժառանգականությունը՝ ցանկացած հիվանդություն, այդ թվում զարկերակային գերճնշումն ունի իր ժառանգական նախատրամադրվածությունը, բայց դա չի նշանակում, որ եթե տատիկն ունի երեխան պետք է պարտադիր ունենա, բայց դա մի գործոն ավելացնում է հնարավոր այլ գործոններին»,- բացատրեց բժիշկը::

Ինչ վերաբերում է զարկերակային ցածր ճնշման խնդրին,Կարինե Ալեքսանյանի խոսքով, այս խնդիրը թեև հազվադեպ, բայց մանկական տարիքում ևս նկատվում է, և կրկին կապված է առողջական հարակից այլ խնդիրների հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ