ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

ՀՀ պաշտպանության նախարարությունը դեռևս 2025թ. հուլիսին հրապարակել էր հայտարարություն, որով տեղեկացրել էր, որ 2026 թվականից սկսած՝ ՀՀ ՊՆ կարիքների համար գաղտնի ընթացակարգով իրականացվող գնումների հրավերները «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով տրամադրվելու են միայն նախաորակավորված այն ընկերություններին, որոնք ունեն գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու իրավունք, իսկ նրանց աշխատակիցները՝ այդ տեղեկություններին առնչվելու թույլտվություն։

«Հաշվի առնելով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտապես ձեռնարկել և ձեռնարկում է միջոցներ իր կարիքների համար գնման գործընթացները մրցակցային, թափանցիկ, ոչ խտրական հիմունքներով կազմակերպելու համար և խրախուսում է մասնակիցների շրջանակի հնարավորինս ընդլայնումը՝ կրկին հորդորում ենք այն ընկերություններին, որոնք պատրաստվում են մասնակցել ՊՆ գնման գործընթացին և չունեն վերը նշված իրավունքը, ապահովել համապատասխան պայմաններ գաղտնի աշխատանքների իրականացման համար, ինչպես նաև դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքների կատարման իրավունք ստանալու նպատակով ՀՀ ԱԱԾ միջնորդություն ներկայացնելու համար։

Գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքների կատարման իրավունք ձեռք բերելու գործընթացի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ զանգելով հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 29 44 18, 010 29 43 53, 010 66 24 94»,- ասվում է հայտարարության տեքստում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ