Սամվել Կարապետյանի ամենամեծ ցանկությունն այս պահին ՌԴ վերադառնալն է. նրանց հայտարարությունները քաղաքական պոպուլիզմ են. Դավիթ Ստեփանյան

«Սամվել Կարապետյանն իր աչքի առաջ ունի Ռուբեն Վարդանյանի օրինակը, ով դեռ գետը չմտած բոբիկացավ, հրաժարվեց Ռուսաստանի քաղաքացիությունից, դա էլ էր քաղաքական հաշվարկ, և հիմա ցավոք Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում է գտնվում: Սամվել Կարապետյանը փորձում է ապահովագրել իրեն, իրենք շատ լավ հասկանում են, որ չեն հաղթելու, հետևապես ինչ կարիք կա հրաժարվել Ռուսաստանի կամ Կիպրոսի քաղաքացիությունից, երբ Սամվել Կարապետյանի ամենամեծ ցանկությունն այս պահին Ռուսաստան վերադառնալն է»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:

Ստեփանյանի խոսքով՝ Կարապետյանը ռուսական մեծահարուստ է, ով 4.7 միլիարդ կարողություն ունի ՌԴ-ում. «Նա ինչպես կարող է հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից: Իրենք ամբողջ խաղադրույքը չեն անում ՀՀ-ում ընտրությունների վրա, որովհետև հասկանում են, որ այդ խաղադրույքում հաղթանակ չեն ունենա»:

Ըստ քաղաքագետի՝ նրանք «Իվանիշվիլի 2» օպերացիա են փորձում անել. «Իվանիշվիլիի և Կարապետյանի միջև նմանությունները շատ են: Երկուսն էլ մեծահարուստներ են, երկուսի հիմնական ակտիվները գտնվում են ՌԴ-ում, երկուսն էլ լավ հարաբերություն ունեն Պուտինի հետ, երկուսն էլ եկել են իշխանափոխություն անելու, մեկի մոտ ստացվել է, մեկի մոտ չի ստացվելու: Եթե ուզում ենք հասկանալ Սամվել Կարապետյանի գործողությունների էությունը, պետք է տեսնել, թե ինչ է կատարվում Վրաստանում 2012 թվականից սկսած, մեր ժողովուրդը դա տեսնելով կարող է հասկանալ՝ ինչ է սպասվում Հայաստանին, եթե մեզ մոտ «Մեր ձևով» ուժը հաղթի, այսինքն՝ Կարապետյանը չի լինելու երկրի վարչապետ, բայց փաստացի երկրի ղեկավարը լինելու է ինքը՝ գտնվելով Մոսկվայում, իրենց պլանը սա է»:

Անդրադառնալով այն փաստին, թե Արցախ վերադարձի թեմայի մասին «Մեր ձևով» շարժումն այլևս ակտիվորեն չի խոսում՝ Ստեփանյանը նկատեց. «Իրենք էլ են հասկանում, որ ցանկացած քաղաքական պոպուլիզմ պետք է ունենա սահմանափակում: Դա հնարավոր է մեկ ճանապարհով, եթե Ադրբեջանին պատերազմ հայտարարենք, վարենք այդ պատերազմը, հաղթենք և Արցախը հետ բերենք, չեմ կարծում, որ ՀՀ-ում կա քաղաքական ուժ, որը հավատում է, որ դա հնարավոր է, մնացած բոլոր հայտարարությունները մաքուր քաղաքական պոպուլիզմ են: Իրենք էլ են հասկացել, որ չափը շատ են անցել և սա նախընտրական շրջանում կարող է բերել հակառակ էֆեկտի, այսինքն՝ ոչ թե ձայներ բերել, այլ ձայներ տանել, որովհետև այս հասարակությունը չի ուզում պատերազմ, ՀՀ-ում որևէ մեկը պատերազմ չի ուզում»:

Խոսելով Նարեկ Կարապետյանի այն հայտարարության մասին, թե Սամվել Կարապետյանը կարող է լինել վարչապետ, հենց այդ պատճառով է Փաշինյանը նրան կալանքի տակ պահում՝ Ստեփանյանն ասաց. «Թե ինչու են Կարապետյանին պահում կալանքի տակ կարծում եմ շատ ակնհայտ է՝ մարդը ՌԴ-ից եկել է Հայաստան և արել է հայտարարություններ, որոնք ունեցել են հակաիրավական բնույթ, եթե մարդն ասում է՝ մենք մեր ձևով հարցերը կլուծենք, դա ցանկացած երկրում դիտվում է որպես հեղաշրջման կոչ, հակասահմանադրական կոչ, սա պետք է իր իրավական գնահատականը ստանար»:

Անդրադառնալով նաև Նարեկ Կարապետյանի այն հայտարարությանը, թե Սամվել Կարապետյանը ստիպեց ընտրությունից առաջ բարձրացնել թոշակները՝ քաղաքագետը նշեց, որ դա իր հիմքում ունի քաղաքական հաշվարկ, բայց հարց է առաջանում այդ բոլոր ուժերը, որոնք քննադատում են այս գործընթացը, լինելով իշխանության տեղը նույն բանը կանեին, թե՝ ոչ. «Այն, որ Նարեկ Կարապետյանը և մնացած քաղաքական ուժերը փորձում են սեփականաշնորհել այդ գործընթացի մի մասը և նշել, որ դա իրենց ճնշմամբ է արվել, արդեն խոսում է այն մասին, որ իրենք այդ գործընթացը քննադատելու բարոյական իրավունք չունեն, որովհետև այդ նույն բանն իրենք էին անելու»:

Կարապետյանը նաև նշել է, որ խաղաղության պայմանագիրը պետք է ունենա մեկից ավելի երաշխավոր, ըստ Ստեփանյանի՝ սա ևս հերթական քաղաքական պոպուլիզմի դրսևորումն է. «Այսօրվա միջազգային հարաբերություններում երաշխավորներ գոյություն չունեն: Մենք այս պահին ունենք դե յուրե անվտանգության երաշխավոր, դա ՌԴ-ն է, մենք տեսանք, թե որքանով է այդ երաշխավորությունն իրական, թե ինչ արժե դրա իրական գինը: Հիմա իրական երաշխավորությունը տնտեսական նախագծերն են, եթե մեզ հաջողվում է մեր տարածաշրջանը բացել, այդ թվում նաև TRIPP նախագծի միջոցով, բերել այստեղ ամերիկյան ներկայություն, դա իրական երաշխավորություն է»:

Դավիթ Ստեփանյանի դիտարկմամբ՝ այդ քաղաքական ուժը փորձում է մեզ հրամցնել այն, ինչն իրենք ասում են որպես իրականություն, երբ դա իրականություն չէ. «Գործարան կառուցելն ինքնանպատակ չէ, դա պետք է աշխատի, վստահ եմ, որ պետությունը չէ, որ պետք է գործարան կառուցի, գործարանը բիզնեսն է կառուցում, պետությունը պետք է դրա համար պայմաններ ստեղծի: Իրենք մեզ պոստսովետական մոդել են առաջարկում, որը վաղուց անցյալում է, որ պետությունը պետք է կառուցի գործարաններ, ժողովուրդը պետք է գնա աշխատի, իրենց լեզվով ասած ռոճիկ ստանա և ընտանիք պահի: 21-րդ դարում այդ մոդելն իրեն վաղուց սպառել է: Վստահ եմ, որ իրենք էլ իրականում չեն հավատում այդ ամենին, որովհետև այս ամենի հիմքում չի կարող լինել հստակ քաղաքական և տնտեսական հաշվարկ, սա փորձ է մարդկանց հերթական անգամ մոլորության մեջ գցելու, նրանց ձայները ստանալու, իշխանափոխություն անելու և այս երկիրը հերթական անգամ ծառայեցնելու Ռուսաստանի շահերին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ