ՊԵԿ-ը՝ հայտարարագրման ոչ ենթակա չհարկվող եկամուտների տեսակների և շեմերի մասին

ՀՀ Կառավարությունը շարունակում է բարելավել և պարզեցնել ֆիզիկական անձանց եկամուտների հայ­տա­րարագրման համա­կարգը։ Այդ նպատակով փետրվարի 26-ի Կառավարության նիստում համապատասխան որոշմամբ սահմանվել են հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհար­կվող) եկա­մուտ­ների տեսակներն ու շեմերը։

Մասնավորապես, սահմանվել են, որ հայտարարագրի 2-րդ բաժնում նվազեցվող (չհար­կվող) եկամուտներից չեն լրացվի, օրինակ՝

ստացվող վարկերի գումարները,
ՀՀ ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթ­նե­րում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները, այդ թվում՝ պետական պարգև­ները (մրցա­նակ­ները),
մրցույթներում ստացվող դրամական և իրային մրցանակների արժեքը` յուրաքանչյուր մրցա­­նակի դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով,
և մի շարք այլ նվազեցվող (չհար­կվող) եկա­մուտ­ների տեսակներ։
Նույն որոշման նախագծով սահմանվել են, որ հայտարարագրման ենթակա չեն միանվագ մինչև 1 միլիոն դրամը ներառյալ ստացվող նվազեցվող եկամուտների հետևյալ տեսակները․

ֆիզիկական անձանցից ժառանգության և (կամ) նվիրատվության կարգով ստացվող գույք և (կամ) դրամական միջոցներ,
ստացվող փոխառությունների գումարները,
գույքի վաճառքից այլ ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները, բացառությամբ՝ հողամասի վաճառքից ստացվող եկամուտների,
աշխատողի ընտանիքի որևէ անդամի մահվան դեպքում միանվագ կարգով ստացվող օգնության գումարներ,
ոչ առևտրային կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվներ, աշխատանքներ, ծառայություններ,
ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների որոշումների հիման վրա, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային, միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվներ, աշխատանքներ, ծառայություններ, նշված մարմինների ու կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց համար (օգտին) կատարվող վճարումներ,
առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեություն իրականացնող հարկային գործակալին օտարվող ոսկու և թանկարժեք քարերի դիմաց ստացվող եկամուտներ:
Կարևոր է իմանալ, որ սահմանված շեմը գերազանցելու դեպքում վերոհիշյալ եկամուտները հայտարա­րագրման ենթակա են ամբողջ գումարի չափով։ Այսինքն, եթե անձը, օրինակ, միանվագ ստացել է 1 մլն 200 հազար դրամ գումար, ապա վերջինս պարտավոր է հայտարարագրել այդ ամբողջ գումարը, ոչ թե միայն գերազանցող մասը՝ 200 հազար դրամը։

Ի դեպ, հայտարարատուները, ցանկության դեպքում, կարող են հայտարարագրել իրենց չհարկվող եկամուտները՝ անկախ դրանց հայ­տարարագրման ոչ ենթակա լինելու կամ շեմը չգերազանցելու հանգամանքից։

Ուշադրություն. հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից (ամուսինը, ծնող­ները, քույրերը, եղբայրները, զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները), պապերը, տատերը և թոռները) ստացվող նվազեցվող (չհարկվող) եկամուտները՝ անկախ ստացվող եկամտի մեծությունից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ