![]()
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով օրերս իր կողմից արված գրառման մասին, որը տարակարծությունների տեղիք էր տվել:
Հակոբյանը մանրամասնել է այդ գրառման իմաստը՝ տեղեկացնելով, որ իր և վարչապետի ամուսնությունն ավարտվել է ու փետրվարի 25-ին ինքը լքել է կառավարական առանձնատունը:
«Ինչպես արդեն հայտնել էի իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է։ Թեև որոշակի խառնաշփոթ առաջացավ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ես նշել էի քաղզաքացիական ամուսնությունը. ես այդպես էի նշել, քանի որ մենք այլ ամուսնություն չունենք:
Փետրվարի 25-ին ես լքում եմ կառավարական առանձնատունը:
Որպեսզի խոսակցություններ ու մեկնաբանություններ չլինեն, ես կպարզաբանեմ մի քանի փաստ.
Ես տուն չունեմ. այն տունը, որ գնվել է վարկով, դեռ կառուցման փուլում է, հետևաբար ես տեղափոխվում եմ վարձով բնակարան:
Ես դոլարային միլիոնատեր չեմ, իմ հաշվին կա գումար, որը բավարար է ինձ ապրելու համար:
Ես չունեմ մեքենա, հետևաբար ինձ հաճախ կտեսնեք ոտքով քայլելիս ու, բնականաբար, չեմ ունենա պետական պահպանություն:
Ես կուզեի մնալ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, քանի որ դա վարձու աշխատանք է և ես դրա կարիքն ունեմ, բայց այդ որոշումը միայն իմ կողմից կայացվել չի կարող:
Դատելով երեկվա Հակակոռոիպցիոն կոմիտեի և լրագրողի հարց ու պատասխանից, չի բացառվում, որ ես քրեական պատասխանատվության ենթարկվեմ որպես գործադիր տնօրեն. ինչ արած, կյանք է»,- նշել է Հակոբյանն ու հավելել նաև, որ բավական թանկարժեք զարդեր ու հագուստ է նվեր ստացել, որոնք հանձնում է պետությանը:
Հակոբյանը նաև տեսանյութին կից գրառում է թողել, որում ասվում է. «Իմ բոլոր ընկերների՛ն, ծանոթ-անծանոթների՛ն, հեռու-մոտիկ բարեկամների՛ն և անգամ ամենահարազատ մարդկանց տեղյակ եմ պահում, որ այս թեման ինձ հետ քննարկման ենթակա չէ։ Ես արգելք եմ դնում դրա վրա։
Ձե՛զ էլ, սիրելի՛ ժողովուրդ, հորդորում եմ շատ ժամանակ չծախսել այս հարցը «դնել-վերցնելու» վրա. պարապ զբաղմունք կդառնա՝ անօգուտ և անպտուղ։
Լսեցինք, արձանագրեցինք, անցանք առաջ»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()