![]()
Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Լեհաստանի Հանրապետություն։
Այցի երկրորդ օրը մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկի հանդիպմամբ։ Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է երկու երկրների ղեկավարների առանձնազրույցը։
Դոնալդ Տուսկը ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը՝ համոզմունք հայտնելով, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը բոլոր ուղղություններով։ Լեհաստանի վարչապետը կարևորել է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը հատկապես տնտեսության, ենթակառուցվածքների, անվտանգության, կրթության, գիտության և այլ ոլորտներում։ Դոնալդ Տուսկը նաև ընդգծել է Լեհաստանի կառավարության շահագրգռությունը Հայաստանի հետ փոխգործակցության ամրապնդման և խորացման հարցում, այդ թվում՝ որպես Եվրոպական Միության անդամ պետություն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար՝ ընդգծելով Լեհաստանի հետ բազմակողմ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը։ Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործում Լեհաստանի ցուցաբերած աջակցությունը՝ հույս հայտնելով, որ այն կլինի շարունակական։ Առևտրատնտեսական կապերի խորացման համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է տնտեսական համագործակցության խթանումը։ Վարչապետը նաև ընդգծել է Լեհաստանի դերակատարությունը Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման գործընթացում։
Զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին, TRIPP նախաձեռնության իրականացման ընթացքին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ փոխգործակցության հետագա զարգացմանը վերաբերող թեմաների։
![]()