Կառավարությունը սահմանել է հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների նոր տեսակներ ու շեմեր

Կառավարությունը սահմանել է Եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներ կամ շեմեր: Ինչպես նշել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, նախորդ տարի Հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, և էականորեն պարզեցվել են ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը, ներդրվել է հայտարարագրերի ինքնաշխատ ներկայացման համակարգ:

Որոշմամբ առաջարկվում է սահմանել հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներ և շեմեր: Մասնավորապես առաջարկվում է սահմանել, որ հայտարարագրման ենթակա չեն՝

1) ստացվող վարկերի գումարները՝ բացառությամբ պարտատիրոջ կողմից վարկի գումարների զիջման կամ որևէ այլ ձևով այդ գումարները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության դեպքերի (այդ թվում՝ օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը լրանալու պահին),

2) Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի վերջին պարբերությամբ սահմանված ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից մինչև 1 միլիոն ՀՀ դրամը ներառյալ միանվագ ստացվող փոխառությունների գումարները՝ բացառությամբ պարտատիրոջ կողմից փոխառության գումարների զիջման կամ որևէ այլ ձևով այդ գումարները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության դեպքերի (այդ թվում՝ օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը լրանալու պահին),

3) Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթներում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները, ինչպես նաև պետական պարգևները (մրցանակները),

4) գործատուի կողմից առողջության ապահովագրության համար կատարվող ապահովագրավճարները՝ եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա հաշվով մինչև 10 հազար դրամի չափով, ինչպես նաև «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ֆիզիկական անձանց կամ նրանց փոխկապակցված անձանց համար (օգտին) կատարվող ապահովագրավճարները,

5) մրցույթներում ստացվող դրամական և իրային մրցանակների արժեքը՝ յուրաքանչյուր մրցանակի դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով,

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ ժառանգության և (կամ) նվիրատվության կարգով Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի վերջին պարբերությամբ սահմանված ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ արժեքով ստացվող գույքը և (կամ) դրամական միջոցները,

7) ոչ առևտրային կազմակերպություններից մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ չափով անհատույց ստացվող ակտիվները, աշխատանքները, ծառայությունները,

8) սեփականության իրավունքով ֆիզիկական անձին պատկանող գույքի օտարումից Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի վերջին պարբերությամբ սահմանված ընտանիքի անդամ չհամարվող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ ստացվող եկամուտները՝ բացառությամբ ՀՀ Հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետով սահմանված հողամասի (անկախ հողամասի նպատակային նշանակությունից) օտարումից ստացվող եկամուտների։

Նախարարը նշել է, որ այս տարվանից սկսած՝ թոշակառուները ևս պետք է հայտարարագիր լրացնեն: Նրանք պետք է հայտարարագիր ներկայացնեն 2025 թվականի համար 2026 թվականին: «Նրանք նոր են համակարգում ներառվել: Եվ եթե նրանք այլ եկամուտներ չունեն, որևէ հավելյալ բան լրացնելու կարիք չեն ունենալու»,-ասել է ֆինանսների նախարարը:

Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են որոշ դիտարկումներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ