![]()
Փետրվարի 22-ին վիճաբանություն և ծեծկռտուք են տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ երկաթի խողովակի վրա վայր ընկնելու հետևանքով «ակնագնդի տրավմատիկ վնասվածք» ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 38-ամյա Արշակ Ա․-ն, իսկ քիչ անց նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 45-ամյա Արտակ Ա․-ն՝ «գլխի գագաթաքունքային կոտրվածք ձախից, կրծքավանդակի ձախ կեսի կտրած չթափանցող վերք» վնասվածքներ։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, Լոռու մարզային քրեական վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 22-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Ուսանողական 5 հասցեի մոտ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի կողմից Լոռու մարզի բնակիչներ 22-ամյա Տիգրան Բ․-ի, 50-ամյա Մարտիկ Ռ․-ի, 22-ամյա Արմեն Ռ․-ի, 26-ամյա Ասատուր Ռ․-ի, իսկ մյուս կողմից՝ Արշակ Ա․-ի և Արտակ Ա․-ի միջև, որի ընթացքում Ասատուր Ռ․-ն դանակով հարվածներ է հասցրել Արշակ Ա․-ին և Արտակ Ա․-ին՝ պատճառելով վերոհիշյալ վնասվածքները։
Լոռու մարզի քրեական ոստիկանները ձեռնարկում են միջոցառումներ Տիգրան Բ․-ին, Ասատուր և Արմեն Ռ․-երին ու հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով Լոռու մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:
Արտակ և Արշակ Ա․-երը հարազատ եղբայրներ են։
![]()