![]()
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2026 թվականի հունվարին 7.6 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա տվյալը: 2025 թվականի դեկտեմբերի համեմատ այս ցուցանիշը նվազել է 48.3 տոկոսով:
Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվարին 10.6 տոկոսով գերազանցել է 2025 թվականի առաջին ամսվա ցուցանիշը, սակայն նույն տարվա դեկտեմբերի համեմատ նվազել է 56.7 տոկոսով։ Հունվարին թողարկված արդյունաբերական արտադրանքի ծավալը գնահատվում է 229 մլրդ 540.6 մլն դրամ:
Շինարարության ծավալը հունվարին 18.7 տոկոսով է գերազանցել մեկամյա վաղեմության ցուցանիշը՝ գնահատվելով 22 մլրդ 262 մլն դրամ: 2025 թվականի դեկտեմբերի համեմատ ծավալը կրճատվել է 86.6 տոկոսով:
Առևտրի շրջանառությունը հունվարին 0.7 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 414 մլրդ 744.5 մլն դրամ: Դա 50.9 տոկոսով քիչ է դեկտեմբերի ցուցանիշից:
Ծառայությունների ծավալը (առանց առևտրի) հունվարին 7.4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը՝ կազմելով 317 մլրդ 991.5 մլն դրամ: Դեկտեմբերի համեմատ նվազել է 21.6 տոկոսով:
Սպառողական գների ինդեքսը հունվարին 3.8 տոկոսով բարձր է եղել 2025 թվականի նույն ամսվա և 2 տոկոսով՝ դեկտեմբերի ցուցանիշից:
Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նախորդ տարվա հունվարի և դեկտեմբերի համեմատ աճել է համապատասխանաբար 8.6 և 1.9 տոկոսով:
Այս տարվա հունվարին արտադրվել է 18.1 տոկոսով ավելի շատ էլեկտրաէներգիա, քան 2025 թվականի նույն ամսին՝ 1 մլրդ 38.6 մլն կիլովատ/ժամ: Դեկտեմբերյան ցուցանիշը գերազանցվել է 7.1 տոկոսով: Սույն ցուցանիշում ներառված չէ էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիան: Համադրելիության ապահովման նպատակով աճի տեմպերը հաշվարկելիս նախորդ ժամանակաշրջանների համանուն ցուցանիշներում (դեկտեմբեր՝ 970.0, հունվար՝ 879.5) այն ևս ներառված չէ:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի և միջին ամսական անվանական աշխատավարձի վերաբերյալ տվյալներ ներկայացված չեն:
![]()