![]()
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության Հարավային Կովկասի երկրների խմբի նախագահ Գոթիե Ռիկորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ նման ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան երկկողմ գործարար կապերի ընդլայնման կարևոր ցուցիչ է։ Այս համատեքստոմ փոխվարչապետն անդրադարձել է երկու երկրների մասնավոր հատվածների փոխգործակցության կարևորությանը՝ հատկապես նոր որակի բիզնես մշակույթի, այդ թվում՝ ներդրումների ներգրավմանը զուգահեռ նոր գիտելիքի, տեխնոլոգիաների և կարողությունների ձևավորման տեսանկյունից։
Հանդիպման ընթացքում ֆրանսիական մասնավոր ընկերությունների ներկայացուցիչները մանրամասն անդրադարձ են կատարել իրենց գործունեության հիմնական ուղղություններին և պատրաստակամություն հայտնել կուտակած փորձն ու մասնագիտական ներուժը ծառայեցնելու Հայաստանում տարբեր ձևաչափերով ներդրումային ծրագրերի իրականացմանը։
![]()
Անդրադառնալով համագործակցության հնարավոր ուղղություններին՝ Տիգրան Խաչատրյանը վստահեցրել է, որ Կառավարության կողմից գործադրվում են հետևողական ջանքեր՝ երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի ամրապնդման և հայաստանյան ներդրումային միջավայրը ֆրանսիական ընկերություններին ավելի գրավիչ դարձնելու ուղղությամբ։
![]()