Հայկ Մարությանն էլ կմասնակցի ընտրապայքարին, մարտի 7-ին էլ համագումար է հրավիրել

Կոմիկ դերասան, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ինչպես հայտնի է, իր հիմնական առաքելությանը՝ դերասանությանը զուգահեռ նաև հազարից մեկ, երբ ազատ ժամանակ է գտնում, քաղաքական ակցիա-մակցիա, հայտարարություններ է անում, ֆեյսբուքյան ստատուսներ գրում։ Նախորդ տարի այս օրերին, օրինակ, Մարությանը ցուցարարի շորեր հագած պայքարում էր երևանյան տրանսպորտի թանկացման դեմ, հորդորում բոյկոտել, չվճարել ուղեվարձը։ Բայց․․․ Մարությանն՝ ուր, ցուցարարն՝ ուր, մի քանի օր փողոցներում թրև գալուց հետո նա ու նրա մեկ այլ ընդդիմադիր գործընկեր՝ «Մայր Հայաստան»-ի Անդրանիկ Թևանյանը, ցրվեցին տներով։

Մարությանը, ինչպես գիտենք, 2004-ին քաղաքական կուսակցություն է բացել, անունն էլ դրել՝ «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն։ Այս կուսակցության թշվառության մասին վկայող՝ 2024 թվականի հաշվետվությանն առիթ ունեցել ենք անդրադառնալու։ Արձանագրել էինք, որ հաշվետվության մեջ դատարկություն է՝ չկա որևէ նշում կուսակցության դրամական շարժի՝ ոչ մուտքերի, ոչ ելքերի, ոչ գրասենյակների, ոչ էլ այլ գույքերի կամ գործարքների մասին։ Ու այս «հալով», պարզվում է, Մարությանը մտադիր է մասնակցել ԱԺ գալիք ընտրություններին, եկող ամսվա 7-ին էլ արտահերթ համագումար է հրավիրել։ Համագումարի օրակարգում, ինչպես պարզեցինք «Ազդարար» հարթակում հրապարակված հայտարարությունից, մի քանի հարց է, մասնավորապես կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի ընտրություն, ՀՀ Ազգային ժողովի 2026թ․ ընտրություններում ընտրական ցուցակի հաստատում, կուսակցության գործունեության և ՀՀ Ազգային ժողովի 2026թ․ ընտրություններում կուսակցության մասնակցության հետ կապված այլ հարցերի քննարկում։

Նշենք, որ «Նոր ուժ»-ը հերթական անդեմ, անգաղափար, անհետագիծ քաղաքական պրոյեկտն է, մարդ-կուսակցությունը, որի միայն մեկ անդամ է հանրությանը հայտնի՝ իր մասնագիտական գործունեության բերումով։ Խոսքը, իհարկե, «Կարգին Հայկոյի» մասին է։ Կուսակցության 5-հոգանոց ղեկավար մարմնի մյուս անդամների անուններն ու դեմքերը հանրությանն անհայտ են։ Այս հանգամանքը, փաստորեն, չի խանգարում Մարությանին մտնել ընտրապայքարի մեջ ու օլիմպիական ոճով մասնակցել պրոցեսին՝ «կարևորը ոչ թե հաղթանակն է, այլ՝ մասնակցությունը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ