Սրանք բոլորը պետք է բանտում լինեն հակապետական քարոզչության համար. ուզում են ՀՀ-ն խլել հայ ժողովրդից

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը, «Հայկական ժամանակ»-ի տաղավարում մեկնաբանելով հայտարարությունը, որ ԵՄ-ն Հայաստանում «Հիբրիդային արագ արձագանքման խումբ» կտեղակայի՝ ընտրություններում ՌԴ ապատեղեկատվության դեմ պայքարելու համար, նշում է, որ ՀՀ-ն իր կարգավիճակով այնքան կարևոր է, որ մրցակցություն կա ՀՀ-ում ներկա լինելու համար:

«Մենք միշտ մտածել ենք, որ լքված ենք, ծայրագավառից էլ ծայրագավառ ենք, հիմա պարզվում է՝ մեզ համար մրցում են: Հիմա մենք կարող ենք ընտրել, թե որն ենք ուզում՝ ժողովրդավարությո՞ւնը, անկախությո՞ւնը, թե՞ ծայրագավառ լինելը:

Եվրոպացիները «միջամտում» են մեր ներքին գործերին, բայց իրականում ազատագրում են․ մենք զավթված ենք, մեր երկիրը զավթել են, 70 տարի այդ քրիստոնեական-ազատարարները հակաքրիստոնյա են եղել․ մարքսիզմը, լենինիզմը, բոլշևիզմը կրոնատյաց պետություն էր: Այն առաքելությունը, որ ուներ ՌԴ-ն մեր երկրում, եկել էր մեզ աջակցելու համար, բայց դարձավ մեր հակառակորդը, և իզուր չէր, որ Կարսը, Նախիջևանը հանձնեց, Ղարաբաղը նվիրեց իր և մեր հակառակորդին, ուրեմն ես ասում եմ՝ սա ազատագրական ակցիա է, Արևմուտքը մեզ օգնում է, որ թոթափենք այդ բեռը»,- ասում է նա:

Ըստ Արշակյանի՝ Ռուսաստանը մեզ ընկալում է որպես ապրանք, որի նկատմամբ ինքն իրավունքներ ունի, փայատեր է, իսկ հիմա հասկանում է, որ այդ ապրանքը հեռանում է իրենից. «ՌԴ-ն մեզ հետ շոգեքարշյան մակարդակի երկաթուղի է ապահովել․ 30-40 կմ/ժ արագությամբ շարժվող երկաթուղի այսօր երկրագնդի վրա մեկ էլ Հնդկաստանում կա․ սա խայտառակություն է, ոչ մի պատճառ չունենայինք, Ղարաբաղի ու Կարսի կորուստը չլիներ՝ միայն երկաթուղու համար արժեր, որ հրաժեշտ տայինք Ռուսաստանին»:

Խոսելով այն քաղաքական դերակատարների մասին, որոնց հետ ՌԴ-ն հույս է կապում, փորձում այստեղ իրեն հաճո իշխանություն ձևավորել, Արշակյանն ասում է՝ տեսե՛ք՝ ում վրա է ՌԴ-ն հույսը դրել՝ ակնհայտորեն բացասական նկարագիր ունեցող մարդկանց վրա. «Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, Սերժ Սարգսյան. դրանք ՌԴ-ն վարկաբեկող անձնավորություններ են, դրանց նայում ասում ես՝ «ձեր տիրու…»: Մի ֆոտոգենիկ մեկը չկա՞ր, ընկալելի, ներկայանալի մեկը չկա՞ր: Կարապետյանը ծայրագավառի, ծայրագավառի, ծայրագավառից է, գեղջկականություն, այդքան վատ կարծիք ունե՞ք մեր մասին, մեր գիտնականների շնորհիվ թռնում եք լուսին, բայց կարծում եք՝ այդքան վատ ճաշակ ունենք: Կոլխոզ շուկայի թերակշռող կոլխոզնիկները հավաքվել են, ուզում են Հայաստանը դարձնել կոլխոզ շուկա, իրենք էլ՝ կշռավար»:

Արշակյանը նկատում է՝ դրանք պետք է բանտում լինեին հակապետական քարոզչության համար:

«Չեմ ասում՝ «Մարտի 1»-ի, «Հոկտեմբերի 27»-ի, «Գույք պարտքի դիմաց»-ի, Հակակոռուպցիոնի էդ «լավաշ» ցուցակի իշխանությունը պիտի դրանց փակի, օրակարգից հանի»,- ասում է Արշակյանն ու հավելում՝ բոլորն օրենքի առաջ հավասար են, այդ թվում՝ կաթողիկոսը:

«Կաթողիկոսը քաղաքացի է․ եթե ավտոյի տակ մարդ գցի, պիտի ասենք՝ ձեռք չտաք: Հիմա ավելի վատ բան է անում, ասում է՝ սպանեք իրար, մարդասպանության կոչ է անում, երբ պաշտպանում է դատապարտված իր ենթականերին․ ինքը համերաշխ է նրանց հետ, ինքը չի ճանաչում մեր ընտրության արդյունքները»,- ասում է Արշակյանը, ապա հավելում՝ 600 հազարից ո՞ր մեկիս ես դեմ, բա դու ո՞ւմ կաթողիկոսն ես՝ Ամենայն հայո՞ցն ես, թե՞ մի խմբակի, կուսակցության կաթողիկոս։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ