Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը

ԿԳՄՍ նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 85 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, օպերային արվեստի նշանավոր ներկայացուցիչ Օլգա Գաբայանը:

«Օլգա Գաբայանն իր բացառիկ ձայնով, բարձրարվեստ կատարումներով և բեմական անկրկնելի ներկայությամբ կարևոր ներդրում է ունեցել հայ օպերային արվեստի զարգացման գործում։ Նրա ստեղծագործական ուղին նշանավորվել է նվիրումով, մասնագիտական բարձր վարպետությամբ և հայրենի մշակույթի հանդեպ անսահման սիրով։ Տասնամյակներ շարունակ նա ոգեշնչել է ունկնդիրներին, կրթել նոր սերնդի արվեստագետների և արժանացել հանդիսատեսի խոր հարգանքին ու սիրուն։

Օլգա Գաբայանը ծնվել է 1941 թվականի դեկտեմբերի 27-ին Երևանում: 1966 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային երգեցողության բաժինը։ 1966-1994թթ. աշխատել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես մեներգչուհի։ 1974թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման, 1984թ. ստացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում։ 1992թ.-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում երգեցողության մասնագիտությամբ։ 2013թ. ստացել է դոցենտի գիտական կոչում, 2015թ.՝ պրոֆեսորի: 2016թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։

Օլգա Գաբայանը հայկական օպերային արվեստի նշանավոր ներկայացուցիչներից է, որը տասնամյակներ շարունակ համադրել է բեմական և մանկավարժական գործունեությունը։

Նրա մահը մեծ կորուստ է ոչ միայն ընտանիքի, հարազատների և գործընկերների, այլև ողջ մշակութային հանրության համար։ Օլգա Գաբայանի լուսավոր հիշատակը հավերժ կմնա հայ երաժշտարվեստի պատմության մեջ։

Խորին ցավակցություն ենք հայտնում ընտանիքին, հարազատներին, ընկերներին և նրա արվեստի բոլոր երկրպագուներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Օլգա Գաբայանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:

Օլգա Գաբայանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա փետրվարի 27-ին՝ ժամը 18:00-20:00, Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, հուղարկավորությունը՝ փետրվարի 28-ին՝ ժամը 13:00-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ