Ընդդիմությունը ակնհայտ քաղաքական ցայտնոտի մեջ է․ պետությունը գործում է, քաղաքացին՝ զգում փոփոխությունը․ Քլոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ-ում ապրիլի 1-ից թոշակների և նպաստների բարձրանալու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը հետևած ընդդիմադիր դաշտնի ներկայացուցիչների կողմից արվող մեկնաբանություններին ու դատողություններին։

«Ընդդիմությունը հայտնվել է ակնհայտ քաղաքական ցայտնոտի մեջ։ Պատճառը պարզ է՝ կառավարությունը հետևողական և համակարգային քայլերով, գրեթե ամենօրյա ռեժիմով, իրական բարեփոխումներ է իրականացնում և կոնկրետ արդյունքներ ապահովում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։

Ապրիլի 1-ից մեր տարեց քաղաքացիների կենսաթոշակները կբարձրանան 10 000 դրամով։ Սա պոպուլիզմ չէ, սա պատասխանատու սոցիալական քաղաքականություն է։ Սա պետական հստակ որոշում է՝ ուղղված մարդկանց կենսամակարդակի բարձրացմանը։

Առողջության ապահովագրության ծրագրի շրջանակում հազարավոր քաղաքացիներ արդեն ստացել են անհրաժեշտ բուժօգնություն՝ առանց կործանարար ֆինանսական բեռի։ Սա խոսքի քաղաքականություն չէ, սա իրականացված քաղաքականություն է։

Մինչդեռ ընդդիմությունը, փոխարենը ներկայացնելու կառուցողական առաջարկներ, փորձում է յուրաքանչյուր սոցիալական նախաձեռնություն որակել որպես «նախընտրական հնարք»։ Իրականում նրանց համար անտանելի է ոչ թե նախաձեռնությունը, այլ այն փաստը, որ պետությունը գործում է, և քաղաքացին զգում է այդ փոփոխությունը։

Մենք ասել ենք՝ արել ենք։ Եվ շարունակելու ենք անել ավելին։ Մեր առաջնահերթությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է և նրա բարեկեցությունը՝ ոչ թե ընդդիմության քաղաքական հարմարավետությունը»,- գրել է պատգամավորը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան հայտնել էր, որ ապրիլի 1-ից ՀՀ-ում կենսաթոշակները բարձրանալու են։

ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանն էլ հավելել էր, որ 10 հազար դրամով բարձրանում են ոչ միայն կենսաթոշակները, այլև նպաստները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ