Հովհաննես Թամամյանի հանձնարարությամբ բռնություն է գործադրվել 2008թ․ մարտի 1-ի հանրահավաքի մասնակցի նկատմամբ

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանի հանձնարարությամբ բռնություն է գործադրվել 2008 թվականի մարտի 1-ի հանրահավաքի մասնակցի նկատմամբ։

Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում իրականացվող քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալներով հաստատվել է, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանն առանց որևէ հիմնավորման, 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության ծառայողներին հանձնարարել է ծեծի ենթարկել Երևանի Ազատության հրապարակում իրականացվող հանրահավաքի մասնակից Է․Ա․-ին և տեղափոխել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։

Դրանից անմիջապես հետո ոստիկանության ծառայողները կատարել են ակնհայտորեն իրենց պաշտոնեական լիազորություններից չբխող և դրանց շրջանակից դուրս արարք:

Մասնավորապես՝ բռնություն են գործադրել Է․Ա․-ի նկատմամբ՝ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18․04․2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելուն դրդելը)։

2026 թվականի փետրվարի 25-ին Հովհաննես Թամամյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ