Հետվճարի մեխանիզմը կշարունակի գործել, կավելանան նաև հաշմանդամության նպաստները. Բաթոյանը թվեր է ներկայացրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան հայտնել էր, որ ապրիլի 1-ից ՀՀ-ում կենսաթոշակները բարձրանալու են։ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանն էլ հավելել էր, որ 10 հազար դրամով բարձրանում են ոչ միայն կենսաթոշակները, այլև նպաստները:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ որոշակի մանրամասներ ներկայացնելով:

«Ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան մինչև 10 000 դրամով։

Հիմնական կենսաթոշակը 24 000 դրամից կդառնա 34 000 դրամ, նվազագույն կենսաթոշակը՝ 36 000 դրամից 46 000 դրամ։ Կբարձրանա նաև ծերության նպաստը։

10 000 դրամով կավելանան հաշմանդամության նպաստները․ 36 000, 37 500 և 39 000 դրամի փոխարեն դրանք կկազմեն համապատասխանաբար 46 000, 47 500 և 49 000 դրամ։ Մասնավորապես՝ 3-րդ խմբի համար նպաստը կսահմանվի 46 000 դրամ, 2-րդ խմբի համար՝ 47 500 դրամ, իսկ 1-ին խմբի համար՝ 49 000 դրամ։

Կվերանայվեն նաև զինվորական երկարամյա ծառայության, պարտադիր ժամկետային զինծառայողների գծով նշանակված, կերակրողին կորցնելու և այլ կենսաթոշակներ։ Զինվորականների հիմնական կենսաթոշակը 20 000 դրամից կդառնա 21 000 դրամ։ Բացի այդ, զինծառայության ստաժի մեկ տարվա արժեքը 1 750 դրամից կսահմանվի 2 000 դրամ, իսկ պարտադիր ժամկետային զինծառայողների գծով նշանակված զինվորական կենսաթոշակները կավելանան 10 000 դրամով։

Կշարունակի գործել հետվճարի մեխանիզմը՝ մինչև 20% չափով, առավելագույնը՝ 10 000 դրամ։

Տնտեսական աճը Կառավարությանը հնարավորություն է տալիս ընդլայնել սոցիալական ծրագրերը՝ ուղղված քաղաքացիների արժանապատիվ կյանքի ապահովմանը»,- գրել է Բաթոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ